կարևոր
514 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-23 19:55

Արմեն Չարչյանը կալանավորվեց․ նա ինքնակամ ներկայացել է «Վարդաշեն» ՔԿՀ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

«Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը կալանավորվեց։ Քիչ առաջ Արմեն Չարչյանը մուտք գործեց «Վարդաշեն» ՔԿՀ։

«Ես համոզված եմ, որ, ի վերջո, արդարադատությունը հաղթելու է»,- Վարդաշեն ՔԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշել է Արմեն Չարչյանը:

Նշենք, որ նա ինքնակամ ներկայացել է «Վարդաշեն» ՔԿՀ:

«Այն երկու հիմքերը, որով դատախազն իմ նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել, դրանք երկուսն էլ արդեն չկան՝ ես այլևս չեմ աշխատում «Իզմիրլյան» ԲԿ-ում, ես ԱԺ պատգամավոր եմ, որին ապօրինաբար ուզում են զրկել ազատությունից, երկրորդ հիմքը, որ ես կարող էի ազդել վկաների ցուցմունքների վրա, նախ՝ այդ ցուցմունքներն արդեն տրված են, բացի դա՝ դատախազն ասաց, որ այդ ցուցմունքները հիմք չեն համարելու, այլ հիմք են համարելու ձայնագրությունը, որը կա: Եթե մարդ հիմք չի համարում ցուցմունքը, ես ազդեմ, թե չազդեմ ցուցմունք տվողի վրա, ի՞նչ կարևոր է, միևնույնն է, դրանք հիմք չեն համարվելու: Հետևաբար, երկու հիմքերն էլ ի չիք են եղել, այլև չկան»,-ասել է Չարչյանը:

Ավելի վաղ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, այսօր բավարարել էր Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը և անփոփոխ թողնելով մինչ այդ Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։

Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանի քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել էր 2021թ հունիսի 18-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: Հուլիսի 6-ին դատախազությունը գործն ուղարկել է դատարան: 

Բժիշկ Չարչյանին նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը՝ մեկ ամսով: ԱԺ 7 պատգամավոր անձնական երաշխավորություն է ներկայացրել՝ միջնորդելով փոխել բժիշկ Արմեն Չարչյանի խափանման միջոցը։