կարևոր
577 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-08-23 19:30

ՀԱՊԿ առաջնորդները պայմանավորվել են մշակել Աֆղանստանից բխող սպառնալիքներին համատեղ հակազդելու միջոցներ

ՀԱՊԿ առաջնորդները պայմանավորվել են մշակել Աֆղանստանից բխող սպառնալիքներին համատեղ հակազդելու միջոցներ

Աֆղանստանում ստեղծված իրավիճակով պայմանավորված, այսօր տեսակապի միջոցով արտահերթ նիստ է գումարել Հավաքական անվտանգության խորհուրդը:

Նիստին մասնակցել են կազմակերպության անդամ պետությունների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի ղեկավարները, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, նաեւ, որպես հրավիրյալ, Ուզբեկստանի նախագահը:

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՀԱՊԿ առաջնորդները պայմանավորվել են մինչեւ սեպտեմբերի 16-ը մշակել Աֆղանստանից բխող սպառնալիքներին համատեղ հակազդելու միջոցներ:

ՀԱՊԿ երկրները նաեւ մտահոգություն են հայտնել Աֆղանստանում «Իսլամական պետության» դիրքերի պահպանման առնչությամբ: Վլադիմիր Պուտինը կարեւոր է համարել կանխել Աֆղանստանից արմատական իսլամիզմի ներթափանցումը ՀԱՊԿ անդամ երկրների տարածք եւ քաղաքացիների հավաքագրումը գրոհայինների շարքեր, այդ թվում՝ սոցցանցերի միջոցով:

Նիստից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտնել է, որ ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերն այս տարվա հոկտեմբերին զորավարժություններ կանցկացնեն: Իսկ սեպտեմբերի 16-ին Դուշանբեում կկայանա ՀԱՊԿ հերթական գագաթաժողովը, որի արդյունքներով անդամ երկրները համատեղ հայտարարություն կտարածեն Աֆղանստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Ի դեպ, առցանց ճեպազրույցի ավարտին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պատասխանել է նաեւ սեպտեմբերին կազմակերպության նախագահությունը Հայաստանին փոխանցելու, իր ակնկալիքների վերաբերյալ հարցին: Զասը նշել է, որ այժմ Երեւանում ակտիվ աշխատանքներ են տարվում նախագահության ժամանակահատվածում հայկական առաջնահերթությունների ձեւավորման ուղղությամբ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ասել է, որ այս հարցը քննարկվել է նաեւ Երեւան կատարած իր վերջին այցի ժամանակ: