կարևոր
550 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-23 18:24

«Չկտրեք մեր ծառերը»․ Ֆիզիկայի գիտավանի բնակիչները խաղաղ ակցիա են իրականացրել քաղաքապետարանի մոտ

«Չկտրեք մեր ծառերը»․ Ֆիզիկայի գիտավանի բնակիչները խաղաղ ակցիա են իրականացրել քաղաքապետարանի մոտ

«Չկտրեք մեր ծառերը» պաստառներով Երեւանի քաղաքապետարանի մոտ խաղաղ ակցիա են իրականացրել Ալիխանյան եղբայրներ փողոցի՝ Ֆիզիկայի գիտավանի (Ֆիզգորոդոկի) բնակիչները:

Իրենց այգում բարձրահարկ շենքի կառուցման դեմ բողոքող քաղաքացիները պահանջում էին քաղաքապետ Հայկ Մարությանին իջնել բակ եւ պատասխանել այն հարցին, թե ինչպես է քաղաքապետարանը շինթույլտվություն տվել, այն դեպքում, երբ Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն չի անցկացվել:

Տևական ժամանակ սպասելուց հետո, բնակիցչներին ընդունել է Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը։ 

Թաղամասի բնակիչներից մեկը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է, որ արդյունավետ և կառուցողական քննարկում են ունեցել, ինչի արդյունքը ժամանակը ցույց կտա։

«Հանդիպեցինք քաղաքապետի խորհրդականի, ավագանու անդամի հետ և քաղաքապետարանի որոշ աշխատակիցների հետ։ Թաղամասից ներկա էր 3 բնակիչ, այդ թվում նաև մեր փաստաբանը։ Ներկայացրեցինք իրավական բոլոր խնդիրները, հարցադրումները։ Կառուցապատողին առաջարկվելու է, որ 2 օրով կասեցնի շինարարությունը, որ քաղաքապետարանի ներսում տեղի ունենան ավելի մանրամասն քննարկումներ, ուսումնասիրվի հարցը և այդ ուղղությամբ լուծումներ փնտրեն»,-նշել է նա։

Նրա խոսքով հնարավոր է 2 օր հետո կրկին հանդիպում լինի։ Բնակիչները հանդիպման ժամանակ ընդգծել են, որ ժամանակին ապօրինի կերպով է ձեռք բերվել սեփականության իրավունք այդ հողամասի նկատմամբ։ Հանդիպման ընթացքում ավելի շատ ուշադրության կենտրոնում են պահել հարցի իրավական կողմը, քանի որ եթե պարզվի, որ կառուցապատողը դրա նկատմամբ հիմնավոր իրավունքներ չունի և դրանք վիճելի են ու անհրաժեշտ է հողը վերադարձնել պետությանը, ապա մնացած հարցերն արդեն քննարկման ենթակա չեն։

Նշենք, որ բնակիչները տևական ժամանակ է, ինչ պայքարում են կանաչ գոտում նախատեսվող ապօրինի կառուցապատման դեմ։ Բնակիչները բողոքի ակցիաներ են իրականացրել ընդդեմ շինարարության, որի ժամանակ քաշքշուկ ու բախումներ են տեղի ունեցել ակցիայի մասնակիցների ու ոստիկանների միջև․ եղել են նաև բերման ենթարկվածներ։