կարևոր
1348 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-08-23 16:44

ԱԱԾ-ն 6 ամիս քրգործ է քննում հայկական օդանավը փախցնելու դեպքով, բայց կասկածյալ ու մեղադրյալ չկա․ Hetq.am

ԱԱԾ-ն 6 ամիս քրգործ է քննում հայկական օդանավը փախցնելու դեպքով, բայց կասկածյալ ու մեղադրյալ չկա․ Hetq.am

Հայկական գրանցումով «Boeing 737-300» ինքնաթիռի՝ Իրանում հայտնվելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը դեռեւս ընթացքի մեջ է: Նախաքննություն իրականացնող ԱԱԾ քննչական դեպարտամենտը քործը քննում է երկու հատկանիշներով՝ փաստաթուղթ կեղծելու եւ օդանավ փախցնելու:

Հիշեցնենք, որ «Fly Armenia Airways» ավիաընկերության կողմից շահագործվող «Boeing 737-300» ինքնաթիռը (հայկական գրանցումը՝ EK-FAA) Տալլին-Գոստոմել թռիչքի փոխարեն այս տարվա փետրվարի 19-ին Տալլինից թռել էր դեպի Վառնա, իսկ հաջորդ օրը Վառնայից ուղղություն վերցրել դեպի Թեհրան ու վայրէջք կատարել այնտեղի «Մեհրաբադ» օդանավակայանում:

Փետրվարի 25-ին ԱԱԾ-ն քրգործ էր հարուցել ՔՕ 221-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի եւ 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 

Առաջին դրույթը սահմանում է. «Օդանավ, նավ կամ երկաթուղային շարժակազմ փախցնելը կամ փախցնելու նպատակով զավթելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ 7-12 տարի ժամկետով»:

Երկրորդ դրույթում ասվում է. «Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաեւ ակնհայտ կեղծ փաստաթղթեր օգտագործելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-400-ապատիկի չափով (200.000-400.000 դրամ - «Հետք»), կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով»:

Հիշեցնենք նաեւ՝ ապրիլի 23-ին հայկական ինքնաթիռը Թեհրանից վերադարձվեց Երեւան, սակայն մինչ օրս չի շահագործվում, քանի որ ԱԱԾ-ն դրա վրա կալանք է դրել: «Fly Armenia Airways»-ն իր հերթին այլեւս ցանկություն չունի օգտագործել օդանավը: 

Hetq.am-ն ավելի վաղ գրել էր, որ Տալլինից օդանավը դեպի Վառնա, ապա Թեհրան են տեղափոխել տաջիկ օդաչուներ՝ Տաջիկստանի ազգային փոխադրող «Tajik Air»-ից հրամանատար Ազիզբեկ Գոզիեւն ու երկրորդ օդաչու Սարվար Նուրովը:

Քրգործի հարուցումից անցել է 6 ամիս, սակայն մինչ օրս նախաքննական մարմինը, ինչպես «Հետքին» հայտնել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ, փոխգնդապետ Գ. Խալաթյանը, դեռեւս որեւէ անձի կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ չի տվել: Այսինքն՝ տաջիկ օդաչուները ո՛չ կասկածյալ են, ո՛չ էլ մեղադրյալ: