կարևոր
967 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-08-23 16:10

Այս պահին Հայաստանում կա պատանդառված երեք պատգամավոր. Արծվիկ Մինասյան

Այս պահին Հայաստանում կա պատանդառված երեք պատգամավոր. Արծվիկ Մինասյան

Պրոֆեսոր Չարչյանը մեկ ամսից ավելի՝ ազատության մեջ էր, նա ստանձնել է պատգամավորի մանդատ։ Այս երկու հանագամանքները, որոնք բացառում են կալանավորումը՝ որպես խափանման միջոց, այսօրվա դատական համակարգի համար ունեցել են զրո նշանակություն,  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման կապակցությամբ հրավիրված հրատապ ասուլիսում հայտարարեց փաստաբան, այժմ նույն խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբեն Միթարյանը, ով կայացրել է Չարչյանին կալանավորելու որոշումը, «նոր դատավոր չէ՝ այս իշխանություններին ծառայելու տեսանկյունից»։ Վարդևանյանը հիշեցրեց, որ 2018 թ․ դեկտեմբերին հենց նա է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու ցուցումը կատարել։

«Այսօրվա իշխանությունները հետապնդում են իրականացնում այն անձանց և ուժերի նկատմամբ, որոնք հակադրվում են այսօրվա կառավարման համակարգին։ Իշխանություններն ուզում են տոտալ մենիշխանություն կազմակերպել ՀՀ-ում։ Սա հակաօրինական երևույթ է, պարոն Չարչյանը պետք է ազատ արձակվի։ Անկասկած, «Հայաստան» դաշինքի գործունեության ընթացքում համապատասխան վերաբերմունք լինելու է այսօրվա իշխանությունների նկատմամբ», - ասաց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ անդրադարձավ ոչ միայն Սյունիքի համայնքապետերի, «Հայաստան» խմբակցության մյուս պատգամավորների, այլև իրենց դաշինքի համակիրների նկատմամբ հետապնդումներին։

«Ունենք 3 պատանդառված պատգամավոր, պատգամավորության 5 պատանդառված թեկնածու, համայնքների ղեկավարներ, բազմաթիվ քրգործերով «Հայաստան» դաշինքին ու ընդդիմությանն աջակցած անձանց ապօրինի հետապնդումներ։ Այս իշխանությունը՝ Հայաստանին պարտության տարած, դավադիր պատերազմում ներքաշած, այսքան կորուստներ բերած և, ըստ էության, օտարի օրակարգը սպասարկող իշխանությունը, հետևողականորեն պայքար է մղում հայրենիքի պաշտպանների նկատմամբ։ Ոչ ավել, ոչ պակաս, դիկտատուրա հաստատելու գործողություններ է կատարում, ու չի էլ խորշում այս մասին բարձրաձայն արտահայտվելուց», - ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր հրատապ մամուլի ասուլիսով էին հանդես եկել ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները։ Ասուլիսի թեման խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանքն էր։