կարևոր
580 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-23 14:15

Երկրի ազգային անվտանգության համակարգը փորձադաշտ չէ. ԱԱԾ պահեստազորի միությունը՝ կառավարության ծրագրի մասին

Երկրի ազգային անվտանգության համակարգը փորձադաշտ չէ. ԱԱԾ պահեստազորի միությունը՝ կառավարության ծրագրի մասին

«Կառավարության օգոստոսի 18-ի նիստում ներկայացնելով կառավարության 2021-2026թթ ծրագրային դրույթները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց երկրում կայուն անվտանգային համակարգ ձևավորելու անհրաժեշտության, դրա շրջանակներում արտաքին հետախուզական վարչություն հիմնելու մասին։ Ներկայացված ծրագրից չի երևում, թե նոր կառույցի ստեղծումն այս ծանր իրավիճակում հայտնված երկրի համար քանի միլիոնավոր դոլարների ծախս է առաջացնելու, անվտանգային համակարգին լրացուցիչ ինչ է տալու:

Հանրահայտ փաստ է, որ առանձնացված հետախուզական ծառայություններ հիմնականում ունենում են արտաքին խաղացողներ հանդիսացող մեծ և հզոր երկրները, որոնք ունեն հետաքրքրությունների լայն շրջանակ և շահեր:

Չնայած ծախսերին՝ կարելի է նաև նոր մարմին ստեղծել, սակայն մինչ այդ, կարծում ենք, առաջին հերթին պետք է ախտորոշել, փորձել հասկանալ, թե այսօր գործող մարմինների աշխատանքն ինչու է անբավարար, որոնք են դրա խորքային պատճառները և արդյոք վերացման դեպքում չի բարձրանա դրանց օգտակար գործողության գործակիցը:

Մեր գնահատմամբ ոչ բավարար աշխատանքի հիմնական պատճառներն են՝

✅հետախուզական նպատակների իրագործմանը հատկացված ցածր ֆինանսավորումը /ինչպես հայտնի է, ամենաթանկ բանը ինֆորմացիան է/,

✅հայրենասեր, երկրին նվիրված, գրագետ, հետախույզի ծանր աշխատանքին ֆիզիկապես ու հոգեպես պատրաստ կադրերի պակասը,

✅աշխատակիցներին բավարար աշխատավարձով, սոցիալական երաշխիքներով չապահովելը,

✅հետախուզությանը տեխնիկական արդի միջոցներով չապահովելը,

✅ԱԱԾ-ի և ՊՆ հետախուզական մարմինների համագործակցության պասիվությունը, առողջ մրցակցության, իսկ առանձին դեպքերում համագործակցության բացակայությունը,

✅ռազմավարական դաշնակիցների և նույն շահերը հետապնդող գործընկեր պետությունների հետ վստահելի փոխհարաբերությունների թույլ լինելը, փոխանակվող ինֆորմացիայի սակավությունը,

✅հետախուզական աշխատանքների ոչ բավարար ղեկավարումը, աշխատողների նկատմամբ պահանջկոտության պակասը, հակահետախուզությունից ստացած ինֆորմացիայի ոչ բավարար չափով մեկտեղումը, գնահատում և իրացումը,

✅հիմնական հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով աշխատանքների ոչ ճիշտ կազմակերպումը, ուժերի անհամաչափ բաշխումը:

Վերոհիշյալ և այլ պատճառների վերացման դեպքում, շատ ավելի քիչ ծախսերի իրականացմամբ, հնարավոր է հասնել ԱԱԾ և ՊՆ համապատասխան կառույցների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

Երկրի ազգային անվտանգության համակարգը փորձադաշտ չէ։ Այն տարիների, տասնամյակների աշխատանքի, փորձի, ավանդույթների վրա կազմավորված կառույց է իրեն բնորոշ առանձնահատկություններով, ոլորտային խնդիրներով։ Այն կարելի է հեշտությամբ կազմաքանդել՝ արդյունքում ստանալով ոչինչ կամ գրեթե ոչինչ։ Դրա առհավատչյան հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումն է, որն այս պահի դրությամբ պետությանն արդեն արժեցել է շուրջ ինը միլիարդ դրամ: Հետաքրքրական է, թե կոռուպցիայի դեմ պայքարում այս կառույցն ինչ նոր բան է անելու, որ չէին անում ԱԱԾ և ոստիկանության ստորաբաժանումները, ինչպես նաև գործող քննչական մարմինները, այդ թվում ՀՔԾ-ն: Եթե խնդիրն այն էր, որ պետք է մեկ կառույցում մեկտեղվեին օպերատիվ և քննչական մարմինները, ապա դրա անհրաժեշտությունը բացարձակապես չկար, քանի որ ԱԱԾ կառուցվածքում գործում են և քննչական, և օպերատիվ ստորաբաժանումներ:

Ուսումնասիրությունները վկայում են, որ զարգացող երկրներում հակառուպցիոն նորաստեղծ մարմինները շոշափելի արդյունք չեն գրանցում, դրանք ուղղակիորեն ընկնում են գործող իշխանությունների ազդեցության տակ, դառնում լրացուցիչ ներազդման գործիք: Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատանքը հասարակությանը նկատելի, հետևաբար արդյունավետ կլինի, եթե հաշվետու լինի Ազգային ժողովին, ղեկավարը նշանակվի ընդդիմությունից:

Երկրում իրականացվող բարեփոխումները պետք է իմիտացիոն չլինեն, պետության համար լրացուցիչ բեռ չլինեն, նպաստեն երկրի զարգացմանը, որպեսզի հանրության մոտ թյուր կարծիք չձևավորվի, որ այդ ամենը զուտ արվում է կոնկրետ քաղաքական թիմի ներկայացուցիչներին ազդեցիկ պաշտոններով ապահովելու համար»:

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն