կարևոր
676 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-23 13:08

Որոշումը չի կարող որևէ աղերս ունենալ ո՛չ իրավունքի, ո՛չ օրենքի հետ առհասարակ. Արմեն Չարչյանի պաշտպան

Որոշումը չի կարող որևէ աղերս ունենալ ո՛չ իրավունքի, ո՛չ օրենքի հետ առհասարակ. Արմեն Չարչյանի պաշտպան

Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Ռուբեն Մխիթարյանը որոշում կայացրեց Արմեն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ։

Պրոֆեսոր Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նշում է, որ որոշումն ապօրինի է․ «Իրական կյանքը ցույց տվեց, որ առաջին ատյանի դատարանը ճիշտ էր կանխատեսել Արմեն Չարչյանի՝ գրավով ոչ պատշաճ վարքագիծը զսպելու հնարավորությունը, քանի որ շուրջ մեկ ամիս գտնվելով ազատության մեջ պարոն Չարչյանը որևէ ոչ իրավաչափ գործողություն փաստացի չէր կատարել։

«Բացի դրանից, պրոֆեսորն այժմ լինելով ԱԺ պատգամավոր և ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի ուժով օժտված լինելով անձեռնմխելիությունով, չի կարող առանց Աժ թույլտվության ազատությունից զրկվել, իսկ քրեակատարողական հիմնարկն իրավասու է ընդունել այս կամ այն անձին բացառապես պատշաճ իրավական հիմքերի առկայությամն դեպքում, իսկ տվյալ պարագայում ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումն ակնհայտ ապօրինի է, ուստի ՔԿՀ-ն ընդունելով պարոն Չարչյանին կատարելու է հանցագործություն։

Դժվար ենք պատկերացնում՝ ինչպես պետք է Վերաքննիչ դատարանը կալանավորի պարոն Չարչյանին այն դեպքում, երբ վերջինս ունի նոր կարգավիճակ, ԱԺ պատգամավոր է ու օգտվում է պատգամավորական անձեռնմխելիությունից, քանի որ Սահմանադրության 96-րդ հոդվածն ասում է, որ պատգամավորը կարող է հետապնդվել կամ ազատությունից զրկվել բացառապես ԱԺ թույլտվությամբ»,–Արմեն Չարչյանին կալանավորման վերաբերյալ պաշտպանը հետևյալ կարծիքն է հայտնել:

Ըստ պաշտպանի՝ այս պահին իրենք սպասում են՝ դատարանը որոշումը տրամադրի կամ գոնե առնվազն դրա քաղվածքը, ու իրենք կներկայանան քրեակատարողական հիմնարկ:

Հիշեցնենք՝ Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։