Վերաքննիչ դատարանը քիչ առաջ հրապարակեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ դատարանի որոշումը։ Դատախազության միջնորդությունը բավարարվեց։ Բողոքը նախ մակագրվել էր դատավոր Սեւակ Համբարձումյանին, որը ինքնաբացարկ էր հայտնել, ինչից հետո այն վերամակագրվել էր Ռուբիկ Մխիթարյանին, որն էլ այսօր բավարարել է դատախազության բողոքը։
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավորներն ունեն անձեռնմխելիության իրավունք, և նրանց կալանավորելու վերաբերյալ համաձայնությունը նախ պետք է տա Խորհրդարանը:
Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ դատարանի որոշումն ակնհայտ ապօրինի է։ Նրա փոխանցմամբ՝ Չարչյանը մեկ ամիս է, ինչ ազատության մեջ էր գտնվում, ոչ մի ազդեցության փորձ անգամ չի կատարել, նա այլևս «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն չէ, այսինքն՝ իր կարգավիճակից ելնելով էլ որևէ մեկի նկատմամբ չէր կարող ազդեցություն ունենալ։ Բացի այդ՝ Չարչյանի դեմ որևէ մեկը մեղադրական բնույթի ցուցմունք չի տվել, որ տրամաբանություն լիներ ցանկալի ցուցմունքներ կորզելու նպատակով ազդեցություն գործադրելու։
«Այսինքն՝ ոչ մի բեկանելու հիմք այս դատարանը չի ունեցել։ Այս դատավորը պարզապես երևի անգամ իր շողքից է վախենում, իր ինչ-որ ներքին վախերն ունի, դրա համար է նման որոշում կայացրել, բայց այս որոշումը ոչ մի աղերս չունի ոչ օրենքի հետ, ոչ իրավունքի հետ, սա խայտառակություն է։ Այլ մեկնաբանություն չեմ կարող տալ, սա ազգի խայտառակություններից մեկն է, թող այս օրը լավ հիշեն»,- նշեց Ալեքսանյանը։
Վերաքննիչ բողոքի քննության ընթացքում պաշտպան Էրիկ Ալեքսանյանը բարձրացրել է նաև Չարչյանի՝ պատգամավորի կարգավիճակի հիմքով ձեռք բերած անձեռնմխելիության հարցը, մասնավորապես, Ալեքսանյանը նշել էր, որ դժվար է պատկերացնում, թե ինչպես պետք է Չարչյանին կալանավորելու մասին որոշում կայացվել՝ նկատի ունենալով, որ Չարչյանն ունի անձեռնմխելիություն և համապատասխան մարմնի թույլտվությունը չկա։ Պաշտպանը նշեց, որ դեռևս չի ստացել դատարանի որոշումը, հետևաբար, չի կարող հայտնել, թե դատարանն ինչպես է անդրադարձել հարցին։
Արմեն Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես, քաղվածքը ստանալուց հետո Չարչյանը կտեղափոխվի քրեակատարողական հիմնարկ։
Դատախազությունը բողոքարկել էր առաջին ատյանի դատարանի որոշումը՝ խափանման միջոց կալանքը փոխելու մասին։ Նշենք, որ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանը 15 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի պաշտպանների միջնորդությունը՝ որպես խափանման միջոց ընտրելով գրավը և ստորագրություն երկրից չհեռանալու մասին:
Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանի քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել էր 2021թ հունիսի 18-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: Հուլիսի 6-ին դատախազությունը գործն ուղարկել է դատարան:
Բժիշկ Չարչյանին նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը՝ մեկ ամսով: ԱԺ 7 պատգամավոր անձնական երաշխավորություն է ներկայացրել՝ միջնորդելով փոխել բժիշկ Արմեն Չարչյանի խափանման միջոցը։