կարևոր
3004 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-23 10:15

28 տարի առաջ այս օրն ազատագրվեց Ջրականը

28 տարի առաջ այս օրն ազատագրվեց Ջրականը

Ուղիղ 28 տարի առաջ՝ այս օրը, համաձայն ԼՂՀ Ինքնապաշտպանության կոմիտեի թիվ 011 մարտական հրամանի, Կենտրոնական (Ստեփանակերտի) պաշտպանական շրջանը (հրամանատար՝ Սամվել Կարապետյան) խնդիր ստացավ 4 միավոր տանկերի, 3 հետևակի մարտական մեքենայի, հրետանային մարտկոցի և հակատանկային միջոցների օժանդակությամբ, նախ ազատագրել դեռևս հակառակորդի վերահսկողության տակ գտնվող Հադրութի շրջանի տարածքները, ապա շարունակել առաջխաղացումը դեպի Ջրական կամ Մեխակավան՝ Ջաբրայիլ: Սամվել Կարապետյանի հրամանատարությամբ Կենտրոնական պաշտպանական շրջանի ստորաբաժանումները, սկսելով իրենց հարձակումը Սարինշենի բարձունքներից, ճեղքում են թշնամու պաշտպանությունը, ազատագրում Հադրութի շրջանի մի շարք գյուղեր, ապա մտնում Ջրականի շրջան։ Մարտական օպերացիայի ընթացքում Ստեփանակերտի զորամասի գործողություններին ձախ թևից աջակցում էր Հադրութի պաշտպանական շրջանի զինուժի մի մասը, խնդիր ունենալով՝ կանխել հակառակորդի օժանդակ ուժերի մուտքը Հորադիզ (Խառատունիք) ռազմակայանից դեպի հարավային մարտական գործողությունների գոտի: Առաջադրանքը կատարվեց փայլուն կերպով:

Օգոստոսի 23-ին հայկական ուժերն անցնելով գրոհի, հաշված ժամերի ընթացքում կոտրեցին հակառակորդի դիմադրությունը և վերահսկողության տակ առան Ջրականի ռազմակայանը...

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրում է. «28 տարի առաջ ՄԵՆՔ այդպիսինն էինք՝ նպատակային ու պարտադրող. իսկ այսօ՞ր... ՄԵՆՔ պարտավոր ենք նորից վերագտնել ՄԵԶ...

Հ.գ.- Եվ, որպես ամփոփում, մի հետգրություն բոլոր նրանց համար, ովքեր, ինքնախաբեությամբ տարված, պատմությունը դիտարկում են 100 տարվա կտրվածքով. Ջաբրայիլ բնակավայրը մինչև 1750 թվականը, Ջրական հայկական անվամբ, մտնում էր պատմական Արցախ նահանգի Դիզակի մելիքության մեջ, որտեղ բնակիչները հայեր էին և ունեին պարսկական հպատակությամբ տեղական հայկական ինքնավարություն...»։