կարևոր
2461 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-22 14:55

1993 թվականի օգոստոսի 22-ին ազատագրվեց պատմական Վարանդա քաղաքը և հարակից շրջանի մի մասը

1993 թվականի օգոստոսի 22-ին, Արցախի պաշտպանության ուժերի կողմից ազատագրվեց պատմական Վարանդա քաղաքը և հարակից շրջանի մի մասը: Պատմական այս դեպքերի մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել Արցախի պաշտպանության բանակի մամուլի նախկին խոսնակ, գնդապետ Սենոր Հասրաթյանը: 

«1993թ. օգոստոսի 22-ին Մարտունու (հրամանատար՝ Մովսես Հակոբյան) և Հադրութի(հրամ.՝ Արթուր Աղաբեկյան) պաշտպանական շրջաններից ու 83-րդ (հրամ.՝Մանվել Գրիրգորյան) մոտոհրաձգային բրիգադից ընտրված ստորաբաժանումները՝ կենտրոնական ենթակայության ականանետային դիվիզիոնի կրակային աջակցությամբ, ձեռնամուխ եղան Ֆիզուլի ռազմակայանի և համանուն շրջանում տեղակայված թշնամական կրակակետերի վնասազերծման օպերացիային:

Ռազմագործողությանը ներգրավված ուժերը հարձակման անցան երեք հարվածային ուղղություններով և մարտական գործողությունների առաջին իսկ օրվա ընթացքում վերահսկողության տակ առան Ֆիզուլի քաղաքն ու շուրջ 1380 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող համանուն շրջանում տեղակայված կրակակետերը: 

Հ.գ.- Ուղիղ 28 տարի առաջ տեղի ունեցած այս հիրավի կարևոր իրադարձությունն այսօր պատմություն է, բայց... ոչ ավարտված... Հիշել անցյալը, նշանակում է հավատալ ապագային...»,-գրել է նա: