կարևոր
1399 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-22 14:32

Աֆղանստանում իրավիճակը շարունակում է լարված մնալ. «Թալիբան» շարժումը տեղի ունեցած անկարգությունների եւ քաոսի համար մեղադրում է Միացյալ Նահանգներին

Աֆղանստանում իրավիճակը շարունակում է լարված մնալ. «Թալիբան» շարժումը  տեղի ունեցած անկարգությունների եւ քաոսի համար մեղադրում է Միացյալ Նահանգներին

Վերջին շաբաթվա ընթացքում առնվազն 20 մարդ Է զոհվել Քաբուլի օդանավակայանում եւ նրա արվարձաններում տարհանման ժամանակ: Այս մասին կիրակի հայտնել Է Reuters գործակալությունը ՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի ներկայացուցչին։ Ըստ նրա՝ արվում է հնարավոր ամեն բան, որպեսզի սեղմ ժամկետներում տարհանվեն բոլոր օտարերկրացիները և Աֆղանստանի այն քաղաքացիները, ովքեր ապաստան են փնտրում: Սակայն, ըստ ներկայացուցչի, այդ գործընթացը դժվարանում է նրանով, որ Քաբուլի օդանավակայանում ամեն օր ավելանում է երկիրը լքել փորձող քաղաքացիների թիվը: 

Իր հերթին Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ  Փարիզը մտադիր չԷ ճանաչել Աֆղանստանում թալիբների իշխանությունը: Նա հավելել է, որ Ֆրանսիան՝ Աֆղանստանում իրավիճակի կարգավորման հարցում, կողմ է Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի հետ համագործակցությանը: Մեծ Բրիտանիան էլ իր «լիարժեք աջակցությունն» է հայտնել ԱՄՆ-ին, եթե Ջո Բայդենը որոշի երկարաձգել Աֆղանստանից դուրս գալու վերջնաժամկետը:

 Միևնույն ժամանակ արմատական «Թալիբան» շարժումը Աֆղանստանի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած անկարգությունների եւ քաոսի համար մեղադրում է Միացյալ Նահանգներին: Ըստ  Al Arabiya հեռուստաալիքի՝  «Թալիբանի» ներկայացուցիչն ավելի վաղ խոստովանել է, որ Քաբուլի օդանավակայանում եւ դրան հարող տարածքում տիրող իրավիճակը հանգուցալուծելը բարդ խնդիր է: Նա նաեւ հայտնել է, որ շարժումը կցանկանար միջազգային ուժերից «հստակ պարզաբանումներ ստանալ Աֆղանստանից օտարերկրյա զորքերը դուրս բերելու ծրագրի վերաբերյալ»:

Տեղեկացնենք, որ այս պահին Քաբուլի օդանավակայանի շուրջօրյա աշխատանքն ապահովում է ՆԱՏՕ-ի պետությունների շուրջ 800 քաղաքացիական ներկայացուցիչ, աջակցում են զինվորականներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից եւ Թուրքիայից:

ԶԼՄ-ների հաղորդմամբ ՝ երկրից հեռանում են հազարավոր մարդիկ։ Թռիչքուղու վրա ամբոխը ցրելու համար զինվորականները ստիպված արցունքաբեր գազ են կիրառել եւ օդ կրակել ։

Ըստ լրատվամիջոցների «Թալիբան» արմատական շարժման հրամանատարները հայտարարել են, որ մտադիր են հանդիպել Աֆղանստանի 34 Նահանգներից ավելի քան 20-ի նախկին նահանգապետերի եւ պաշտոնյաների հետ:  

 Հիշեցնենք. շարժման գրոհայինները օգոստոսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ եւ մի քանի ժամվա ընթացքում լիակատար վերահսկողություն հաստատել Աֆղանստանի մայրաքաղաքի նկատմամբ: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտնել է, որ վայր է դրել լիազորությունները արյունահեղություն թույլ չտալու համար եւ լքել երկիրը: