կարևոր
1288 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-21 20:49

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Արցախյան վերջին պատերազմի ժամանակ ծանր վիրավորում ստացած զինվորներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Արցախյան վերջին պատերազմի ժամանակ ծանր վիրավորում ստացած զինվորներին

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը այսօր՝ օգոստոսի 21-ին, Վիեննայում հանդիպում է ունեցել Արցախյան վերջին պատերազմի ժամանակ ծանր վիրավորում ստացած զինվորների և նրանց ընտանիքների անդամների հետ, որոնք ս․թ․ ապրիլից Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի օրհնությամբ և Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակության հրավերով իրենց բուժումն են ստանում Ավստրիայի Կաթոլիկ Եկեղեցու հովանու ներքո գործող բարձրակարգ բժշկական հաստատություններում։

«Վեհափառ Հայրապետը հայրական իր օրհնությունն է բերել քաջարի զինվորներին և նրանց ընտանիքներին, ծանոթացել վերջիններիս բուժման և պրոթեզավորման ընթացքին։ Վեհափառ Հայրապետը տեղեկացել է, որ ծանր վիրավորում ստացած զինվորներից երկուսը բարեհաջող վիրահատություններից, վերջույթների պրոթեզավորումից և վերականգնողական թերապիայից հետո արդեն վերադարձել են Հայաստան։

Վեհափառն իր խոսքում ընդգծել է, որ Մայր Աթոռ Ս․ Էջմիածինն իր աշխարհասփյուռ թեմերով մշտապես եղել և մնում է Հայոց բանակի, հայ զինվորի և նրանց ընտանիքների կողքին։ Հանդիպման ժամանակ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը աղոթք է բարձրացրել բոլոր վիրավոր զինվորների համար՝ մաղթելով նրանց շուտափույթ ապաքինում, ոգու ամրություն և Աստուծո օգնականություն։

Այս առիթով Վեհափառ Հայրապետը հայրական իր գնահատանքն է բերել Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ․ Տիրան Եպս․ Պետրոսյանին և Ավստրիայի հայ համայնքի անդամներին հիշյալ ծրագիրը կյանքի կոչելու և վիրավոր զինվորների հանդեպ հոգատար վերաբերմունքի համար։

Վեհափառ Հայրապետն անդրադարձել է նաև, որ հանդիպում է ունեցել Ավստրիայի Կարդինալ և Վիեննայի Արքեպիսկոպոս Քրիստոֆ Շյոնբոռնի հետ և նրան փոխանցել իր ջերմ շնորհակալությունը վիրավոր մեր զինվորների հանդեպ հայրական հոգածության և խնամքի համար»,-ասված է հաղորդագրությունում։