կարևոր
937 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-21 20:04

Զորամասերում արձանագրվել են սննդի հետ կապված խնդիրներ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Ազգային ժողովի ութերորդ գումարման առաջին նստաշրջանում գնահատականներ հնչեցին բանակում զինծառայողների սննդի մասին: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը դիմելով Սերյան Օհանյանին նշեց, որ առաջ բանակն ունեցել է սննդի խնդիր:

Իր ելույթներից մեկում Սերյան Օհանյանը ասել էր, որ զինվորը երբեք սոված չի եղել, միգուցե, եղել են օղակներ, որտեղ սնունդի հետ կապված եղել են որոշ խնդիրներ: Պաշտպանության նախկին նախարարն ընդգծել էր, որ բանակի մասին խոսելիս պետք է միշտ լիրնել զգուշավոր եւ հաշվի առնել գաղտնիության ռեժիմը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նշած սննդի խնդիրը, փաստորեն, մինչ օրս լուծված չէ:

Օգոստոսի 20-ին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հանդիպել է պաշտպանական գերատեսչության պատվերով սննդի պատրաստման եւ պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված խախտումների մասին և նշել, որ զորամասերում սննդի որակն ու մատուցվող ծառայությունները, առանձին դեպքերում, չեն համապատասխանում կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի պահանջներին:

Հայրենիքի պաշտպանության համար իր կյանքը վտանգող զինվորի ու սպայի ծառայության կարեւորությունը՝ նրանց սննդի մատուցման հարցում, պետք է լինի առաջնային: Պաշտպանության նախարարը խիստ քննադատության է ենթարկել խախտումներ թույլ տված կազմակերպություններին եւ հրահանգել ողջամիտ ժամկետում լիարժեք կերպով վերացնել արձանագրված բոլոր թերությունները:

Մանրամասները՝ Զառա Սահակյանի տեսանյութում։