կարևոր
703 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-21 18:40

Իրենք ունեն մեկ առաջադրանք, որ Արթուր Սարգսյանն ամեն գնով մնա անազատության մեջ․ պաշտպան

Իրենք ունեն մեկ առաջադրանք, որ Արթուր Սարգսյանն ամեն գնով մնա անազատության մեջ․ պաշտպան

Սիսիանի նախկին համայնքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը՝ անձեռնմխելիության նոր կարգավիճակ ստանալու հիմքով վերացնելու մասին միջնորդություն է ներկայացվել դատախազություն, որը մերժվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է փաստաբան Էմին Խաչատրյանը։

Հուլիսի 17-ին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Արթուր Սարգսյանի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Պաշտպանության կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել դատարան, որը դատավոր Տիգրան Սահակյանի կողմից մերժվել է։

Անձեռնմխելիության կարգավիճակ ձեռք բերելուց հետո Սարգսյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել դատախազություն՝ պահանջելով վերացնել Սարգսյանին կալանավորումը՝ միջնորդության հիմքում մատնանշելով Սահմանադրության 96-րդ հոդվածը, որով սահմանված է պատգամավորի անձեռնմխելիությունը և դրա երաշխիքները։

«Քանի որ պարոն Սարգսյանն արդեն իսկ ստացել էր պատգամավորի մանդատը և ձեռք բերել կարգավիճակ, գտնում ենք, որ պետք է այդ նոր կարգավիճակով առաջացած անձեռնմխելիությունը հաղթահարվի՝ սահմանված կարգով։ Դատախազությունը բնականաբար մերժել էր միջնորդությունը»,- նշել է Խաչատրյանը՝ հավելելով, որ մերժման հիմքում դրվել էին ստանդարտ ձևակերպումները, թե ԿԸՀ-ի կողմից արդեն իսկ հաղթահարվել է անձեռնմխելիությունը։

«Իրենք ունեն մեկ առաջադրանք, որ Արթուր Սարգսյանն ամեն գնով մնա անազատության մեջ։ Ամեն ինչ հստակ է։ Ինչ վերաբերում է նոր կարգավիճակին, ԿԸՀ-ում պատգամավորի թեկնածուի կարգավիճակ ունեցող հազարավոր մարդիկ կային, բայց ԱԺ պատգամավոր ունենք սահմանափակ քանակի, որոնք ունեն հատուկ անձեռնմխելիության կարգավիճակ և հնարավորություն, որը պետք է հաղթահարել միայն օրենսդրական կարգավորումներով։ Տվյալ դեպքում նշել ենք Սահմանադրության նորմ, իսկ մեզ այսօր հակադարձում են, թե Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ԿԸՀ-ի միջոցով հաղթահարված եղել է »,- նշել է փաստաբանը՝ հավելելով, որ օրենքով սահմանված բոլոր գործիքակազմերը կօգտագործվեն, ներպետական բոլոր ատյանները կսպառեն, չի բացառվում, որ կդիմեն ՍԴ և ՄԻԵԴ։

Դատախազության կողմից միջնորդությունը մերժելու մասին որոշումը բողոքարկվել է դատական կարգով։ Բողոքը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին, սակայն դատական նիստի օրը դեռևս հայտնի չէ։

Հիշեցնենք, որ Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը ձերբակալվել է։

ԿԸՀ-ն բավարարել էր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ կալանավորելու թույլտվություն ստանալու դատախազության միջնորդությունները. կողմ էր քվեարկել հանձնաժողովի 6 անդամ, իսկ նախագահ Տիգրան Մուկուչյանը չէր մասնակցել նիստին։

Սիսիանի համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Սարգսյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և ՔՕ 314-րդ հոդվածի առաջին մասով (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը):

Այսպիսով, Սյունիքի 4 համայնքապետ և 2 վարչական ղեկավար կալանավորված են՝ Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյան, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյան, Մեղրի համայնքի՝ հրաժական ներկայացրած ղեկավար Մխիթար Զաքարյանը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը և Որոտանի ղեկավար Սուրեն Օհանջանյանը:

Կալանավորված է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության ղեկավար Արամ Գասպարյանը: Միջնորդություն է ներկայացվել նաև Մեղրու համայնքապետի տեղակալին և համայնքապետարանի գլխավոր մասնագետին կալանավորելու մասին: Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրեն Հայկ Խաչատրյանը կալանավորված է: 

Բացի համայնքապետերից առանց հիմնավորումների տասնյակ սյունեցիներ բերման են ենթարկվել: Որոտանի բնակիչներն ահազանգում են, որ ոստիկաններն ահաբեկում են և ստիպում համայնքապետերի դեմ ցուցմունքներ գրել: Առանց որևէ հիմնավորման բերման են ենթարկվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության ղեկավար Արամ Գասպարյանը և անվտանգության մայոր, Խորհրդային Միության սպորտի վարպետ Տիգրան Ներսիսյանը: Առանց պարզաբանումների մեծաթիվ քննիչներ եւ Ազգային անվտանգության ծառայության «Ալֆա» ջոկատի ծառայողները ներխուժել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ և մի քանի ժամ շարունակ խուզարկում իրականացրել, արդյունքում կանգ է առել ՀՀ ամենախոշոր հարկատու ընկերություններից մեկի աշխատանքը: 

Այսպիսով, շարունակվում է Սյունիքի դեմ իշխանական տեռորը: Մեկուսացվում են Սյունիքը պաշտպանող ուժերը: