կարևոր
3133 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-21 16:43

Ոչ մի անօրինական գործարք երկար կյանք չի ունենալու. բոլոր գիտակից մարդիկ հասկանում են, թե ինչ է կատարվում Սյունիքում և ինչու. Իրինա Յոլյան

Ոչ մի անօրինական գործարք երկար կյանք չի ունենալու. բոլոր գիտակից մարդիկ հասկանում են, թե ինչ է կատարվում Սյունիքում և ինչու. Իրինա Յոլյան

Իմ շատ սիրելի ընկերներ, ծանոթներ, անծանոթներ, անչափ շնորհակալ եմ անհանգստության համար: Այս մասին գրառում է կատարել Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ  Իրինա Յոլյանը։

«Ես լավ եմ, ավելի ուժեղ և ավելի վճռական արդարության հաստատման հարցում: Ինչ խոսք, կազմակերպված անհաջող «օպերացիան» կարող էր առավել տպավորիչ լիներ, եթե ԱԱԾ-ի մոտ 20 աշխատակիցներ՝ բրոնեժիլետներով, մինչև ատամները նռնակներով, ինքնաձիգներով զինված, Երևանից Գորիս հասնեին նաև տանկերով, որպեսզի մեկ թոշակառու ու ևս երկու կանանց քննչական կոմիտե տանեն:

Ես այս մարտաֆիլմ հիշեցնող կինոյի մեջ մեկ հարցում եմ հպարտ, որ ինձ որևէ մեղադրանք առաջադրելու, գործ սոսնձելու համար բավականին երկար ժամանակ տիտանական աշխատանք կատարած քննիչը դատարանում ինձ երկու ամսով կալանավորելու մեղադրանքի հիմքում դրել է մեկ նախադասություն, այն է՝ « Հաշվի առնելով Իրինա Յոլյանի բարձր համբավն ու հեղիանակությունը Գորիս համայնքում, անհրաժեշտություն է առաջանում նրան կալանվորել երկու ամսով, որպեսզի չխոչընդոտի գործի քննությանը»:

Վստահեցնում եմ, որ շատերին սարսափեցնող իմ բարձր հեղինակության շնորհիվ, այս խայտառակ պատմությունը դառնալու է միջազգային կառույցների, դեսպանատների ու դատարանների քննարկման թեման, որպեսի Հայաստանը բռնապետության ճանապարհով տանող խունտայի համար սա լինի վերջին խայտառակ նախադեպը: Մի շարք միջազգային կառույցների կողմից մարդու իրավունքիրի պաշտպանության համար ստացած իմ բազմաթիվ մրցանակները հենց նմանօրինակ միջադեպերը բացառելու գործում ունեցած ավանդի համար էին և հավատացնում եմ, այս խայտառակության շուրջ դեռ շատ ջրեր են հոսելու և տրվելու է իրավական գնահատական:

Ցավալիորեն իմ գործընկերները՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը և փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը կալանավորված են, բայց վստահաբար, ժամանակի հարց է, քանի որ ոչ մի անօրինական գործարք երկար կյանք չունի: Բոլոր գիտակից մարդիկ հասկանում են, թե ինչ է կատարվում Սյունիքում և ինչու: Շարունակելու ենք աշխատել գիշեր- ցերեկ, որպեսզի հետամուտ լինենք Առուշանյանի կողմից մեկնարկած բոլոր ծրագրերի անթերի իրականացմանը՝ ուղղված մեր համայնքի շենացմանը: Այս միջադեպը ինձ ցույց տվեց, թե ինչքան հավատարիմ հզոր ընկերներ ունեմ, սրտացավ ու իրականում անհագստացող մարդկանց բանակ կա իմ թիկունքում: Սիրելի լրագրողներ, առայժմ զերծ եմ մնալու հարցազրույցներից՝ գործին չվնասելու համար, իմ փաստաբանները կզբաղվեն այդ հարցով:

Շնորհակալ եմ պրոֆեսիոնալ փաստաբանական խմբին, իմ հարազատներին, ընկերներին, բոլոր կառույցներին, լրատվամիջոցներին, ովքեր ամեն ինչ արեցին արդարության վերականգնման համար: Ես ծով համբերություն ունեմ և բավարար ուժ, ամեն ինչ առջևում է»:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժել էր Գորիսի համայնքապետի տեղակալ Իրինա Յոլյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը: