կարևոր
1561 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-21 09:58

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը նշում է իր հոբելյանական 70-ամյակը

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը նշում է իր հոբելյանական 70-ամյակը

Այսօր՝ օգոստոսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը նշում է իր հոբելյանական 70-ամյակը: Արդեն 2 տասնամյակ է՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն է Հայաստանյայց Առաքելական եկեղեցու առաջնորդը: Իր կյանքի 56 տարին Գարեգին Բ-ն նվիրել է եկեղեցուն ու նրա բարօրությանը: Ինչպես հայտնում են Մայր Աթոռից՝ Գարեգին Բ կաթողիկոսի մասնավոր ցանկությամբ նրա հոբելյանական 70-րդ տարեդարձը չի նշվելու և որևէ միջոցառում չի իրականացվելու:

Վահրամ ավագ քահանա Մելիքյանի տեղեկացմամբ՝ ներկայումս Ամենայն Հայոց Կաթողիկոսը ճամփորդում է, Նորին Սրբությունը Մայր Աթոռի ծրագրերին առնչվող այցերով եղել է Շվեյցարիայում և Ավստրիայում։ Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Շվեյցարիայում հանդիպում է ունեցել Ասորի Ուղղափառ Եկեղեցու և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Մորան Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ի և Ավստրիայում՝ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու՝ Վիեննայի կարդինալ Քրիստոֆ Շյոնբորնի հետ։ Աշխատանքային հանդիպումներին հաջորդած իր արձակուրդային օրերից հետո Վեհափառ Հայրապետն օգոստոս 25-ին կվերադառնա Մայր Աթոռ։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց։ 1999 թվականի նոյեմբեր 4-ից Հայաստանի Առաքելական Եկեղեցու 132-րդ Կաթողիկոս։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծնվել է 1951 թվականի օգոստոսի 21-ին Խորհրդային Հայաստանի Ոսկեհատ գյուղում։ Նախնական կրթությունը հայրենի գյուղում ստանալուց հետո՝ 1965 թվականին ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարան։

1970 թվականի դեկտեմբերի 26-ին՝ Ստեփանոս Նախավկայի տոնի օրը, Տ. Հայկազուն արք. Աբրահամյանի կողմից ձեռնադրվել է սարկավագ։ 1971 թվականին գերազանց առաջադիմությամբ ավարտել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանը և նշանակվել տեսչի օգնական՝ ստանձնելով նաև «Նոր Կտակարան» առարկայի դասավանդման պարտականությունը։ 1972 թվականի հոկտեմբերի 15-ին Գերաշնորհ Տ. Տիրան արք. Ներսոյանի կողմից ձեռնադրվել է կուսակրոն քահանա և ի պատիվ Ավարայրի ճակատամարտին նահատակված Գարեգին Սրվանձտյան իշխանի վերակոչվել Գարեգին անվամբ։

Նույն թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի տնօրինությամբ մեկնել է Ավստրիա՝ Վիեննայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում իր կրթությունը շարունակելու համար։ 1975 թվականին նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ՝ միաժամանակ իր աստվածաբանական կրթությունը շարունակելով Բոննի համալսարանում։ 1979 թվականին Գերմանիայից տեղափոխվել է Խորհրդային Ռուսաստան և իր ուսումը շարունակել Ռուս Ուղղափառ Եկեղեցու Մոսկվայի հոգևոր ակադեմիայի ասպիրանտուրայում։ 1980 թվականին վերադարձել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և նշանակվել Արարատյան հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդի օգնական, իսկ 1983 թվականի ապրիլին՝ փոխանորդ։ 1983 թվականի հոկտեմբերի 23-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի կողմից արժանացել է եպիսկոպոսական ձեռնադրության։ Գարեգին եպիսկոպոսը 1992 թվականին ստացել է արքության պատիվ։ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի վախճանից հետո 1995 թվականի կաթողիկոսական ընտրությունների ժամանակ համարվում էր Հայոց Հայրապետական աթոռի ամենահավանական թեկնածուն, սակայն ընտրության երկրորդ փուլում Գարեգին արքեպիսկոպոսը հանում է իր թեկնածությունը՝ հօգուտ Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ Կաթողիկոսի։

1998 թվականի նոյեմբերի 30-ին Գարեգին Ա Ամենայն հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ, իսկ վերջինիս մահից հետո՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած Ազգային-եկեղեցական ժողովի կողմից ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս և նոյեմբերի 4-ին արժանացել կաթողիկոսական ձեռնադրության և օծման։

1992 թվականին նրա նախաձեռնությամբ Երևանում գտնվող նախկին պիոներ-պալատներից երեքը սեփականաշնորհվել են Հայ Առաքելական եկեղեցու կողմից և դարձել «Հայորդյաց տներ», որտեղ բազմաթիվ երեխաներ ստանում են կրոնական ու գեղագիտական կրթություն։ Նա հանդիսանում է մի շարք հասարակական կազմակերպությունների հոգաբարձուների խորհրդի անդամ, այդ թվում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Հայկական բարեգործական ընդհանուր միության հոգաբարձուների խորհրդի (պատվո անդամ), Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի անդամ (2000 թվական)։