կարևոր
952 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-20 21:42

«Ղարաբաղ Տելեկոմի» վրա հաքերային հարձակման վերաբերյալ հրապարակման հիման վրա հարուցվել է քրգործ. ԱՀ դատախազություն

«Ղարաբաղ Տելեկոմի» վրա հաքերային հարձակման վերաբերյալ հրապարակման հիման վրա հարուցվել է քրգործ. ԱՀ դատախազություն

Սույն թվականի օգոստոսի 7-ին «hetq.am» կայքում հրապարակվել էր «Պատերազմի ընթացքում ադրբեջանցիները ջնջել են «Ղարաբաղ Տելեկոմի» սերվերների պահուստային պատճենները» վերնագրով լրատվական նյութը: Այս մասին տեղեկացում ԵՆ ԱՀ դատախազությունից։

«10.08.2021թ.-ին ԱՀ դատախազությունը ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը հանձնարարել էր քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգել հիշյալ հրապարակմամբ ներկայացված դեպքի հանգամանքները:

ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին ժամը 00:00-ի սահմաններում, անհայտ անձը (անձինք), չունենալով Արցախի Հանրապետության տարածքում կապի և համացանցի ծառայություն մատուցող «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության համակարգչային համակարգ և ցանց մուտք գործելու թույլտվություն, համակարգչային տեղեկատվությունը կամ ծրագրերը ոչնչացնելու, ուղեփակելու կամ ոչ պիտանի վիճակի բերելու և համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու նպատակով 27.09.2020թ. ժամը 00:00-ից համակարգչային DDOS հարձակումներ է գործել «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ սերվերային ցանցի վրա և ապօրինի մուտք գործել համակարգչային համակարգ, հարված հասցրել ընկերության վիրտուալ համակարգին, դիտավորությամբ խափանել սերվերների գործունեությունը, ջնջել տեղեկատվական համակարգում պահվող տեղեկությունները, շարքից հանել բջջային կանխավճարային համակարգը` խափանելով կանխավճարային հեռախոսահամարներից կատարվող հեռախոսազանգերի տևողության և վճարի չափի հաշվարկման համակարգչային գործընթացը, ինչպես նաև ապօրինի տիրացել նույն ընկերության համակարգչային համակարգում պահվող տեղեկատվությանը, ինչի հետևանքով առաջացել են ծանր հետևանքներ:

Նկարագրված դեպքի առթիվ 19.08.2021թ. հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 3-րդ մասով և 265-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Ստուգման ընթացքում ձեռնարկված միջոցներով պարզվել է նաև, որ «Ղարաբաղ տելեկոմ» ՓԲ ընկերության հետ կնքված ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագրերի շրջանակում հիշյալ ընկերության համակարգչային համակարգ մուտք գործելու թույլտվություն ունեցել էին օտարերկրյա երեք քաղաքացի և միջազգային մեկ կազմակերպություն:

Սույն գործով ներկայումս ընթանում է հետաքննություն, քննության են առնվում հնարավոր բոլոր վարկածները»: