կարևոր
1987 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-08-20 21:13

Նրանց ձայնը կհնչի ընդմիշտ. լույս է տեսել արցախյան երրորդ պատերազմում նահատակված հերոսների ստեղծագործությունների՝ «Հնչող ձայներ» ժողովածուն․ ՖՈՏՈՇԱՐՔ

Նրանց ձայնը կհնչի ընդմիշտ. լույս է տեսել արցախյան երրորդ պատերազմում նահատակված հերոսների ստեղծագործությունների՝ «Հնչող ձայներ» ժողովածուն․ ՖՈՏՈՇԱՐՔ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամբ տպագրված արցախյան երրորդ պատերազմում նահատակված հերոսների ստեղծագործությունների ժողովածուի՝ «Հնչող ձայներ» գրքի շնորհանդեսը կայացավ օգոստոսի 19-ին, Տավուշի մարզում։

ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի առաջարկով միջոցառումը տեղի ունեցավ առաջնորդարանում։ Հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգեցին մեր բոլոր հերոսների հիշատակը։ Այնուհետ սրբազանի օրհնությամբ շարունակվեց հուշ-ցերեկույթը։

Օրվա բոլոր բանախոսները՝ սփյուռքահայ մտավորական, ազգային -հասարակական գործիչ Տիգրան Ճինբաշյանը, Կանադահայ բանաստեղծ Հարություն Բերբերյանը, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, «Դրօշակ» ամսագրի գլխավոր խմբագիր Արտաշես Շահբազյանն իրենց խոսքում հավաքվածներին փոխանցեցին հերոսների ամենակարևոր պատգամը՝ շարունակել պայքարը մինչև վերջնական հաղթանակ, մինչև ամբողջական հայրենիքի կերտում։

Միջոցառումը եզրափակեց Բագրատ սրբազանը՝ ներկաներին և ողջ հայությանը հորդորելով հավատալ գալիք հաղթանակներին․

«Մենք իրավունք չունենք թույլ տալու, որ մեր Հայրենիքի՝ Արցախի մասին չխոսվի։ Չեմ մոռանալու հանուն քեզ, Հայաստա՛ն, չեմ ներելու հանուն քեզ, Արցա՛խ։

Մեր տղաներն այրվել են, մենք մոխրանում ենք, իրենք նահատակվել են, մենք մեռնում ենք, հատկապես նրանք, ովքեր ուզում են արժանապատվություն ունենալ, ում համար Հայրենիքը տարածք չի, ում համար պետականությունը սոսկ գործառույթ չի, ում համար իր հավատքը պարզապես կռապաշտություն չի։

Առաջին ազատամարտին մենք անհատներից վերածվեցինք պետության, հավաքականության։ Այս պատերազմից հետո մենք հավաքականությունից և պետությունից վերածվեցինք անհատների կենսագրության։

 «Մենք ապրում ենք այստեղ։ Կամ պետք է գնանք այստեղից, կամ ձգտենք հաղթանակած պատերազմի»,- ասել էր Բագրատ սրբազանը։