կարևոր
3466 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-20 20:54

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի 70-ամյակի նախօրեին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահը

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի 70-ամյակի նախօրեին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահը

Վաղը՝ օգոստոսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը նշում է իր հոբելյանական 70-ամյակը: Այդ առթիվ շնորհավորաակն է ուղերձ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Ուղերձում ասվում է.

«Վեհափառ Տեր,

Ձեր ծննդյան օրվա նախօրեին Ձեզ եմ հղում առողջության ու արևշատության իմ ջերմ բարեմաղթանքները:

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին եղել և մնում է մեր ազգային ինքնության կարևորագույն հիմնասյուներից մեկը, մեզ միավորող առանցքը, մեր հավատքի, պատմության ու ավանդույթների շարունակական ներկայությունն ապահովողը մեր արժեհամակարգում, մեր մշակույթում, մեր ներաշխարհում:

Ձեր հայրապետության շուրջ 22 տարվա ընթացքում մեր եկեղեցական կյանքն աշխուժություն է ապրում՝ անցյալի արժևորմամբ, ներկայիս գործունեությամբ և ապագայի տեսլականով: Անցնող 22 տարվա Հայ եկեղեցու համար եղել են զորացման, բարեփոխման, եկեղեցաշինության տարիներ: Այդ ընթացքում ձեռնարկվել են քայլեր՝ միտված Հայ եկեղեցու առաքելությունն առավել արդյունավետ դարձնելուն և եկեղեցական կյանքը կանոնակարգելուն:

Որպես Ամենայն հայոց կաթողիկոս Ձեր գահակալության հատկապես այս վերջին տարիները համընկնում են մի ժամանակահատվածի, երբ մեր երկիրն ու ժողովուրդը անցնում են բազում դժվարությունների ու փորձությունների միջով:

Ցանկացած դժվարին իրավիճակ հաղթահարելու մեկ ճանապարհ կա՝ միասնությունը: Ներկայիս արագ փոփոխվող աշխարհում մարդկությունն ի թիվս այլ ճգնաժամերի, նաև ինքնության ճգնաժամ է ապրում: Առկա մարտահրավերներն ու խնդիրներն առավել քան կարևոր են դարձնում համախմբումը հոգևոր ու բարոյական արժեքների շուրջ, որոնք մնայուն են նաև մեր եկեղեցու շնորհիվ:

Մեր ժողովուրդը կարիք ունի հույսի, հավատի և վստահության, կարիք ունի բարոյական մաքրության, համերաշխ ու միասնական կեցության, փոխադարձ հարգանքի ու հանդուրժողականության, կարիք ունի վերածննդի ու վերարժևորման: Գնահատելի է, որ, մխիթարության, ոգևորումի և աջակցության խոսքերի հետ մեկտեղ, որպես հայրենասիրության յուրատեսակ դաս, այս մասին հնչեցվում է նաև Վեհափառի կողմից:

Թող Ձեր հայրապետական հոգածությունն այսուհետ ևս աջակից և սատար լինի մեր երկրին ու ժողովրդին՝ ի շահ մեր Հայրենիքի և աշխարհասփյուռ հայության, ժողովուրդ-պետություն-եկեղեցի փոխհարաբերությունների ամրապնդման։

Մաղթում եմ Ձեզ հոգու ամրություն և ամենայն բարիք»,- ասված է նախագահի ուղերձում։