կարևոր
1675 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-20 18:41

Կառավարական առանձնատների վերանորոգման ընթացքում հայտնաբերված չարաշահումների գործը Քննչականը կարճել է

Կառավարական առանձնատների վերանորոգման ընթացքում հայտնաբերված չարաշահումների գործը Քննչականը կարճել է

Կառավարական առանձնատների վերանորոգման ընթացքում հարյուրավոր միլիոնների հասնող չարաշահումների վերաբերյալ գործը կարճվել է. Պետական վերահսկողության ծառայության բացահայտումները ՀՀ քննչական կոմիտեն ջրել է։ Այս մասին գրել է Pastinfo.am-ը։

«Մեկ տարի առաջ՝ 2020 թվականին օգոստոսին պետական վերահսկողության ծառայությունը «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան պաշտոնապես հաստատել էր, որ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ում, որի հաշվեկշռում են գտնվում կառավարական առանձնատները, չարաշահումներ են հայտնաբերվել։ «Մշտադիտարկվել են 2019թ ՊՈԱԿ-ում կատարված աշխատանքները, այդ թվում նաև՝ կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքները։ Հայտնաբերված խախտումների մասին տեղեկանքը ուղարկվել է իրավապահ մարմիններին»,- 2020 թվականի օգոստոսի 26-ին հայտնել էին ՊՎԾ-ից։

Իսկ դատախազությունից տեղեկացրել էին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ յուրացում, վատնում կատարելու, ինչպես նաեւ պաշտոնեական դիրքը չարաշահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։

Նկատենք, որ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ը, որտեղ հայտնաբերվել էին չարաշահումները, գործում է վարչապետի աշխատակազմի անմիջական ենթակայության տակ, որի ղեկավարն այն ժամանակ Էդուարդ Աղաջանյանը, որին շատերն անվանում են «Դիջեյ Էդո»։ Բացի այդ՝ 2020 հունվարի 31-ին կառավարության կայքում հրապարակված պաշտոնական փաստաթղթի, տնօրենի լիազորությունները այդ պահի դրությամբ կատարել է Արուսյակ Մանավազյանը։ Վերջինս Փաշինյանի թիմում է դեռ 2008 թվականից՝ նախ որպես «Հայկական ժամանակ» օրաթերթի հաշվապահ, իսկ 2018 թվականից նաեւ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր հաշվապահ։

Վերանորոգման գնումն էլ իրականացվել է մեկ աղբյուրից, այսինքն՝ մրցույթ չի հայտարարվել եւ մրցույթով չի ընտրվել շահող ընկերությունը, իսկ վերջինիս համար,ըստ շրջանառվող տեղեկությունների, այսպես ասած, երաշխավորել է Աննա Հակոբյանի եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։ Ասել է թե՝ կոռուպցիոն սկանդալում շոշափվում էին ոչ միայն Նիկոլ Փաշինյանին ամենամոտ կանգնած մարդկանց, այլ նաեւ ընտանիքի անդամների անուններն ու շահերը։

Մամուլում դեռեւս 2019 թ. հրապարակված տեղեկատվության համաձայն՝ պետական բյուջեից շուրջ 2 միլիոն դոլար է հատկացվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքին սպասարկող կառավարական առանձնատան մասնաշենքը հիմնանորոգելու, վերանորոգելու և կահավորելու համար։ Ընդ որում՝ վարչապետի աշխատակազմին գումարը հատկացվել էր կառավարության գաղտնի որոշմամբ, իսկ վերանորոգման շրջանակներում, ըստ տեղեկությունների, միլիոններ են ծախսվել ընդհուպ զուգարանակոնք ձեռք բերելու վրա։

Քրեական գործի հարուցման մասին հայտնի դառնալուց շուրջ մեկ տարի անց «Փաստինֆո»-ն գրավոր հարցում ուղարկեց ՔԿ՝ պարզելու, թե ինչ փուլում է գտնվում քրեական գործի նախաքննությունը, արդյոք պարզվել է պետությանը պատճառված վնասի չափը, որևէ անձի մեղադրանք առաջադրվել է, թե ոչ, արդյոք Էդուարդ Աղաջանյանը և Հրաչյա Հակոբյանը հարցաքննվել են և ինչ կարգավիճակով։ Առավել եւս, երբ կոռուպցիոն սկանդալի կենտրոնում հայտնված Էդուարդ Աղաջանյանը պաշտոնազրկվելուց ամիսներ անց ընդգրկվեց «ՔՊ»-ի նախընտրական ցուցակում, ընտրվեց պատգամավոր ու անգամ դարձավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ։

Սակայն ՔԿ-ն նախ խուսափել էր քրեական գործի վերաբերյալ որեւէ տեղեկատվության տրամադրումից՝ գրավոր պատասխան ուղարկելով, թե «Այդ կապակցությամբ, խնդրում եմ բավարարվել մինչ այժմ հայցվող տեղեկությունների վերաբերյալ Կոմիտեի պաշտոնական հրապարակումներով և Ձեր հարցումներին տրված պատասխանների տվյալներով»։ Սակայն մեր կրկնակի հարցապնդմանն ի պատասխան պարզվեց, որ գործով նախաքննությունն ավարտվել է, ՔԿ-ն կարճել է չարաշահումների գործը՝ պետական վերահսկողության ծառայության բացահայտումները ուղարկելով աղբարկղը»։