կարևոր
958 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-08-20 18:06

Վահագնի համայնքում գործող կաթնամթերքի երկու արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Վահագնի համայնքում գործող կաթնամթերքի երկու արտադրամասի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական ուսումնասիրութամբ պարզվել է, որ Վահագնի գյուղում գործունեություն ծավալող երկու ընկերության՝ անհատ ձեռնարկատեր Գարեգին Քոչինյանին եւ «Սանասար Ներսիսյան» ՍՊԸ-ին, պատկանող կաթնամթերքի արտադրամասերի արտադրական սենքերը չեն պահվում մաքուր եւ նորոգ վիճակում, հատակին կան ճեղքեր, որոնք ծածկված չեն անջրանցիկ նյութերով, արտադրամասն ապահովված չէ ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարանով՝ օճառով, ախտահանման միջոցներով, իսկ անձնակազմը չունի հանդերձարան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից։

«Սանասար Ներսիսյան» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասում նաեւ չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման եւ տեղափոխման տարածքներ կանխելու ուղղությամբ, իսկ սննդի շղթայում ներգրավված անձնակազմը ենթարկված չի եղել պարտադիր նախնական եւ պարբերական բժշկական զննությունների:

Օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջների խախտման հիմքով՝ նշված արտադրամասերի գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: