կարևոր
3373 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-20 15:40

Քաշքշուկ բնակիչների եւ ոստիկանների միջեւ Ֆիզգոռոդոկում. բնակիչները դեմ են նորակառույցին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Քաշքշուկ բնակիչների եւ ոստիկանների միջեւ Ֆիզգոռոդոկում.  բնակիչները դեմ են նորակառույցին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեւանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում, առավել հայտնի որպես «Ֆիզգոռոդոկ», այսօր՝ օգոստոսի 20-ին, քաշքշուկ է եղել քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ։ Իրավիճակն այնքան լարված է եղել, որ  միջադեպից հետո, երբ պարեկային ծառայողների մեքենան արագ ընթացքով տեղից հեռացել է, բնակիչները հետեւից վանկարկել են «թուրքեր»։

Այդ տարածքում այս օրերին ընթանում են բարձրահարկ շենքի կառուցման շինաշխատանքներ, սակայն բնակիչները պնդում են, որ գործընթացը հակաօրինական է։

Թաղամասի բնակիչները երկու անգամ ստորագրահավաք են նախաձեռնել՝ դեմ լինելով քաղաքապետարանի որոշմանը. 500-ից ավելի ստորագրություն է հավաքվել։

«Խաբեությամբ այս տարածքը սեփականաշնորհել են, հիմա ուզում են 14 հարկանի շենք կառուցեն ու ապականեն ամբողջ տարածքը»,- ասում է բնակիչներից մեկը։

Կառուցապատող կազմակերպությունը գոյություն չունեցող նկուղի ապօրինի հիմքերով տարիներ առաջ ձեռք է բերել իրականում հանրային սեփականություն հանդիսացող տարածք:

Ֆիզիկայի գիտավանը ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատվել է որպես հուշարձան թաղամաս, սակայն ավելի ուշ կառուցապատման համար տրամադրված տարածքը հանվել է այդ որոշումից` հող նախապատրաստելով շինաշխատանքների համար:

Գիտավանի բնակիչները սեփական ուժերով դատական գործընթաց են սկսել, հետաքննություն են իրականացրել, բացահայտել ապօրինությունները, ահազանգել դրանց մասին, բազմիցս դիմել են քաղաքապետի ` հանդիպման համար, նա մշտապես խուսափել է։

Տեղի ունեցած քաշքշուկի հետեւանքով 2 անձ է բերման ենթարկվել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182–րդ հոդվածով արարք կատարելու համար (ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):