Տպավորություն է, որ որևէ պրոֆեսիոնալ դիվանագետ չցանկացավ մտնել պատասխանատվության տակ, և երկու-երեք ամիս փնտրտուքներից հետո այս ծանր իրավիճակում ԱԳ նախարար է նշանակվում՝ միայն քաղաքական որոշմամբ: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Արարատ Միրզոյանի՝ ԱԳ նախարար նշանակմանը:
«Որպեսզի գործող իշխանության վարած քաղաքականության անլրջության մակարդակը պարզ դառնա՝ ի՞նչ է նշանակում ԱԽ քարտուղարին նշանակել ԱԳ նախարարի տեղակալ, մեկ ամիս հետո նորից ազատել և վերադարձնել հին պաշտոնին: Սա վկայում է այս իշխանության անլուրջ մոտեցումների մասին, սրան իբրև նախաբան էր ԱՄՆ-ում ոչ դիվանագետի դեսպան նշանակելը, սա է այս իշխանության վարքագիծը, տեսակը»,-ասել է ԱԺ փոխնախագահը և հավելել, որ այս նշանակումները վկայում են իշխանության անլուրջ վերաբերմունքի մասին՝ պետական ինստիտուտների նկատմամբ:
Իսկ թե Արարատ Միրզոյանի նշանակումն ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի արտաքին քաղաքականության վրա, Իշխան Սաղաթելյանն ասել է.
«Հայաստանի արտաքին քաղաքականությունը պայմանավորված չէ միայն ԱԳ նախարարով, այլ՝ ընդհանուր կառավարության որդեգրած քաղաքականությամբ: Ըստ էության՝ ԱԳՆ-ն իրականացնում է քաղաքական իշխանության որդեգրած քաղաքական գիծը: Առհասարակ, Հայաստանը լրջագույն խնդիրներ ունի իր արտաքին հարաբերություններում, ես չեմ կարծում, որ այս նշանակումից հետո որևէ դրական տեղաշարժ է լինելու, ընդհակառակը, որևէ լավ բան, ցավոք, մեզ չի սպասվում»,-ասաց զրուցակիցը:
Իշխան Սաղաթելյանը նաև ընդգծել է, որ նման քայլերը և նշանակումներն այլևս որևէ մեկին չեն զարմացնում.«Այն ինչ ունենք, արդեն բոլորսի հայտնի է, խնդիրն այն է, թե ոնց ազատվենք այս ամենից և երկիրը վերադարձնենք բնականոն զարգացման»: