Վարդան Ղուկասյանի որդին ձերբակալվել է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՔԿ-ն։
«Գյումրի քաղաքի բնակչուհին դիմում է ներկայացրել այն մասին, որ 2021թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 23:00-23:15-ի սահմաններում, Գյումրի քաղաքի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը որդու՝ Սպարտակ Ղուկասյանի և երեք-չորս տղամարդու հետ մտել է իր տան բակ՝ իր թոռան հետ պարզաբանումներ կատարելու նպատակով։
ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցները, քաղաքացու դիմումում մատնանշված հանգամանքներն ստուգելու նպատակով, այցելել են Գյումրու նախկին քաղաքապետի բնակության վայր, սակայն Սպարտակ Ղուկասյանը նախ՝ հրաժարվել է տան դուռը բացել, այնուհետև՝ ժամեր անց, զանգահարել է ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետին, սպառնացել:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, քրեական հետախուզության բաժանմունքի պետը ճանաչվել է տուժող և ցուցմունք տվել դեպքի հանգամանքների վերաբերյալ։
Արդյունքում՝ Ս.Ղուկասյանը ձերբակալվել է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:
Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով։ Նախաքննությունը շարունակվում է։
Ինչպես տեղեկացրել ենք՝ օրեր առաջ Քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել նաև Վարդան Ղուկասյանին: Գործը նախաքննության փուլում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: