կարևոր
2605 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-19 21:06

Այլ երկրներին զինամթերքի մատակարարումը Ռուսաստանի ինքնիշխան իրավունքն է․ Մարիա Զախարովան խոսել է Արցախի խնդրի մասին

Այլ երկրներին զինամթերքի մատակարարումը Ռուսաստանի ինքնիշխան իրավունքն է․ Մարիա Զախարովան խոսել է Արցախի խնդրի մասին

ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան օգոստոսի 19-ին կայացած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական խնդիրներին, Արցախի իրավիճակին՝ նշելով, որ առաջնահերթություն է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և այս տավա հունվարի 11-ի համատեղ հայտարարությունների իրականացումը։

«Ռուսաստանը կողմ է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների համալիր կարգավորմանը: Կոչ ենք անում երկու կողմին հնարավորինս շուտ վերացնել առկա խոչընդոտները հումանիտար դաշտում, փոխանակել ռազմագերիներին՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով և ականապատման քարտեզներով։

Ձեւաչափերը քննարկվում են կողմերի հետ, եւ որոշումները կայացվում են` ելնելով հանդիպման առավել արդյունավետությունից եւ գործի օգտակարության համար դրա ձեւաչափից: Որոշ հարցերի քննարկումների մանրամասները, հաշվի առնելով հատուկ զգայունությունն ու խնդիրները, ներառյալ անվտանգությունը, միշտ չէ, որ հրապարակվում են: Դա կարող է խանգարել կայուն արդյունքի հասնելուն»,- նշել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է առճակատման, հատկապես ռազմատենչ հռետորաբանության բացարձակ անարդյունավետությունը, որին երբեմն դիմում են Անդրկովկասի երկրների քաղաքական գործիչները: 

Զախարովան հատուկ ընդգծել է, որ այլ երկրներին զինամթերքի մատակարարումը Ռուսաստանի ինքնիշխան իրավունքն է:

«Ռուսաստանը համապատասխան հարաբերություններ է հաստատել և՛ Հայաստանի, և՛Ադրբեջանի հետ: Միևնույն ժամանակ մենք կարևորում ենք տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը»,- ասել է Զախարովան: 

Հիշեցնենք, որ Ալիևը հայտարարել էր,թե ակնկալում է, որ Ռուսաստանն այլևս չի զինի Հայաստանին: