կարևոր
1585 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-19 19:48

Ուժեղացված ծառայություն Երևանում երթևեկության ամենածանրաբեռնված ժամին. բերման է ենթարկվել 82 անձ

Ուժեղացված ծառայություն Երևանում երթևեկության ամենածանրաբեռնված ժամին. բերման է ենթարկվել 82 անձ

Երեկ Երևան քաղաքի երթևեկությունը կրկին կաթվածահար էր: Ամենապիկ ժամին ոստիկանները որոշել էին ուժեղացված ծառայություն իրականացնել:

Ըստ հաղորդագրության՝ օգոստոսի 18-ի երեկոյան ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների, պարեկային ծառայության ու ճանապարհային ոստիկանության ծառայողները մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում իրականացրին ուժեղացված ծառայություն։

Երևանում և Երևան մտնող ճանապարհահատվածներում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով բաժիններ բերման է ենթարկվել 82 անձ, ստուգվել է 900-ից ավելի տրանսպորտային միջոց։ Կատարվել են խուզարկություններ ու զննություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են տարբեր տեսակի հրազեններ, դանակներ, կռփազենքեր, մահակներ ու կեղծ համարանիշեր։

Բացի այդ, ոստիկանության Արաբկիրի բաժնում արձանագրվել է ապօրինի ինքնաձիգի և պայթուցիչներով նռնակների կամավոր հանձնման դեպքեր։ Ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել են նաև ապօրինի թմրաշրջանառության դեպքեր. հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ՝ ընդհանուր 9 գրամ քաշով։

Ոստիկանությունից հայտնում են նաև, որ նմանօրինակ հատուկ միջոցառումները պարբերական են լինելու։ 

Փաստաբան Ամրամ Մակինյանը երեկվա երևեկության վիճակի մասին գրում է. «Ստացվում է, որ ինչ որ մեկի վախերը մեղմելու համար կարելի բոլորի աչքի առաջ խախտել հազարավոր քաղաքացիների իրավունքներ, խայտառակ անհարմարություններ պատճառել առանց այդ էլ ծանրաբեռնված երթևեկը կաթվածահար անելով ու էս ամենի անունը դնել Ուժեղացված ծառայություն…»: