կարևոր
694 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-19 18:24

ՀՀ Ազգային ժողովը սկսում է լրագրողների հավատարմագրումը

ՀՀ Ազգային ժողովը սկսում է  լրագրողների հավատարմագրումը

ՀՀ ԱԺ աշխատակազմը  2021 թ. օգոստոսի 19-ից սեպտեմբերի 3-ը ներառյալ իրականացնում է ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման 2-րդ նստաշրջանի գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում: Այս մասին տեղեկացնում են Ազգային ժողովից։

Լրագրողին հավատարմագրելու նպատակով լրատվական գործունեություն իրականացնողը ՀՀ ԱԺ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչություն (ք. Երեւան, 0095, Մարշալ Բաղրամյան 19) ուղարկում է գրավոր դիմում` ներկայացնելով.

1) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, գտնվելու վայրի հասցեն, իսկ ֆիզիկական անձի դեպքում` ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում), հանրային ծառայության համարանիշը եւ մշտական բնակության վայրի հասցեն.

2) հավատարմագրման ներկայացվող լրագրողի ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում), զբաղեցրած հաստիքը, հանրային ծառայության համարանիշը եւ բնակության վայրի հասցեն.

3) զանգվածային լրատվության այն միջոցի (միջոցների) անվանումը, որը (որոնք) պետք է ներկայացնի հավատարմագրված լրագրողը.

4) հավատարմագրման ներկայացվող լրագրողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր, նույնականացման քարտ) եւ երկու լուսանկար (3x4 չափսի).

5) լրատվական գործունեություն իրականացնողի եւ լրագրողի էլեկտրոնային փոստի հասցեները, հեռախոսահամարները.

6) հավատարմագրման ժամկետը, եթե այն նախատեսվում է մեկ նստաշրջանից պակաս ժամկետով:

Վերոգրյալ պահանջները բավարարող յուրաքանչյուր լրատվամիջոցից կարող են հավատարմագրվել ոչ ավելի, քան չորս ներկայացուցիչ:

ՀՀ Ազգային ժողովում չեն կարող հավատարմագրվել հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների ոչ լրատվական-վերլուծական կամ երգիծական բնույթի հաղորդաշարերի, Երեւանում թղթակցական կետեր չունեցող հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների, հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների մամուլի ծառայությունների, մամուլի ակումբների, վերլուծական կենտրոնների, մանկապատանեկան, զվարճալի-ժամանցային, մարզական պարբերականների եւ հաշվառված, բայց վերջին երկու ամսում լույս չտեսած պարբերականների ներկայացուցիչները: Որպես ինքնուրույն լրատվության միջոց` չեն կարող հավատարմագրվել նաեւ տպագիր թերթերի, պարբերականների, հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների, լրատվական գործակալությունների եւ ամսագրերի էլեկտրոնային այն տարբերակները, որոնք չունեն առանձին իրավաբանական անձի կարգավիճակ:

Հավատարմագրումն իրականացվում է հերթական նստաշրջանների գումարման ժամկետով, իսկ լրատվական գործունեություն իրականացնողի դիմումում ավելի պակաս ժամկետ նշվելու դեպքում` տվյալ ժամկետով: Դիմումների ընդունման վերջնաժամկետ է սահմանվում 2021 թվականի սեպտեմբերի 3-ը ներառյալ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին կայացել էր ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, որտեղ ընդունվել էր նախագիծ, որով սահմանափակվում էր լրագրողների իրավունքները։

Նշենք, որ ՄԻՊ-ը  քննադատել էր լրագրողների հանդեպ սահմանափակումները նշելով, որ լրագրողը չպետք է զրկվի հենց անձամբ ու տեղում պատգամավորից կամ այդ տեղեկությունները ստանալու հնարավորությունից, իսկ Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտել էր ԱԺ ղեկավարության ձեռնարկած քայլերն ուղղված լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն: Լրագրողական կազմակերպություններն էլ արձանագրեցին,որ Ազգային ժողովի խոսնակն ակնհայտորեն գերազանցել է իր լիազորությունները։