կարևոր
2971 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-19 17:39

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հանդիպել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հանդիպել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ

Օգոստոսի 19-ին Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգի հետ:

Ողջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Իշխան Սաղաթելյանը նշել է, որ Հայաստանը Չինաստանին համարում է բարեկամ երկիր.

«Վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանի եւ Չինաստանի միջեւ կնքվել են 40-ից ավելի համաձայնագիր, մեկ տասնյակից ավելի հուշագիր, որոնք լավ հնարավորություն են երկու երկրների համագործակցության համար»:

Դեսպան Ֆան Յոնգը, շնորհավորելով Սաղաթելյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրվելու կապակցությամբ, նշել է, որ Հայաստանն ու Չինաստանը 30 տարվա դիվանագիտական կապեր ունեն ու համոզմունք է հայտնել, որ այդ կապերը դեռ շատ երկար կշարունակվեն:

«Ավելի քան 1000 տարվա պատմություն կա մեր երկու երկրների համագործակցության միջեւ, որոնց վկայությունն են հնագիտական պեղումները»,- ասել է դեսպանը:

Հանդիպման ընթացքում կարեւորվել է տարածաշրջանում անվտանգության ու կայունության հարցը:

«Մեր երկրում ամենամեծ խնդիրն անվտանգության հարցն է, թշնամին երկու ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: Մեզ համար զարմանալի է միջազգային հանրության պասիվ կեցվածքը Ադրբեջանի գործողությունների նկատմամբ»,- շեշտել է ԱԺ փոխխոսնակը:

Դեսպանը նշել է, որ Չինաստանի դիրքորոշումը հարցի առնչությամբ նույնն է. խնդիրները պետք է լուծել խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների ու երկխոսությունների միջոցով. «Մենք աջակցում ենք տարածքային ամբողջականության պահպանմանը: Առանց տարածաշրջանային կայունության՝ անվտանգության ու խաղաղության զարգացումն այս տարածաշրջանում վտանգված կլինի»:

Խորհրդարանի փոխնախագահի խոսքով՝ Հայաստանը գնահատում է Չինաստանի հավասարակշռված դիրքորոշումը խնդրի վերաբերյալ.

«Տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը չպետք է լինեն Հայաստանի տարածքային ամբողջականության հաշվին: Անշուշտ, մենք կողմնակից ենք կայունության, խաղաղության եւ հարցերը բանակցությամբ լուծելուն: Դժբախտաբար հակառակ կողմն այլ պատկերացում ունի»:

Զրուցակիցները նաեւ անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգին եւ դրա հետագա ընդլայնմանը վերաբերող հարցերին: