ԱԱԾ ղեկավարի հետ մենք եկել ենք պայմանավորվածության, որ կհեռանանք այստեղից, սակայն, պայմանով, որ մենք շարունակելու ենք լրացուցիչ տեղեկություններ տրամադրել և ավելի խորացված հետախուզություն է իրականացվելու: Այս մասին ԱԱԾ ղեկավար Արմեն Աբազյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է անհետ կորած զինվորների հարազատներից մեկը:
«Ինչպես նաև պայմանավորվել ենք, որ պարբերաբար հանդիպելու ենք և մեզ զեկուցելու են կատարված աշխատանքի մասին»,-նշել է նա:
Այն հարցին, թե արդյոք գո՞հ են հանդիպման արդյունքներից, նա պատասխանել է.
«Մինչև արդյունքներ չլինեն, գոհ չենք կարող լինել, իսկ արդյունքը մեր երեխաներին գտնել է»:
Անհետ կորած զինվորի հարազատը ընդգծել է, որ ՊՆ -ն մինչ օրս ռազմական հետախուզություն, զինվորների տվյալների հավաքագրման աշխատանք չի կատարել, ադ իսկ պատճառով ծնողներն են հավաքագրման աշխատանքներ կատարել.
«Հիմա ամբողջացնելու են այդ տեղեկությունները, որպեսզի մասնագետներն էլ արդեն իրենց աշխատանքները կատարեն, եթե գերատեսչությունները ժամանակին իրենց աշխատանքները կատարել, այսպես չէր լինի»:
Հիշեցնենք, որ անհետ կորած զինծառայողների հարազատներն օգոստոսի 19-ին բողոքի ակցիա են իրականացրել Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց։ Նրանք նշոել են, որ պատերազմից ամիսներ է անցել, սակայն իրենց երեխաների մասին որևէ տեղեկություն չունեն, դիմել են տարբեր կառույցներ, սակայն՝ ապարդյուն:
«Մենք էլ համբերություն չունենք, էսօր ոչ մեկի պետքը չէ մեր ցավը»,-ասել է հարազատներից մեկը։
Ծնողներից մեկն էլ լրագրողներին ներկայացրել է Փաշինյանի հայտարարությունը.
«Մեզ հետ վերջին հանդիպմանը նա զարմանալի հայտարարություն արեց։ Ասաց՝ հնարավոր է, որ մեր երեխաներն Ադրբեջանում լինեն, գերեվարված, բայց որ չեն տալիս, ես ի՞նչ անեմ։ Նա օրինակ բերեց գրիչը, գրիչը գրպանում է, ես ասում եմ՝ տուր, պատասխանում է՝ գրիչ չունեմ։ Ես ասում եմ՝ և ի՞նչ։ Նա պատասխանում է՝ «և վերջ»։ Վարչապետի պատասխանն է։
«Ամեն ինչ Արցախում համակարգված է եղել, ինչ արել են, Արցախի իշխանություններն են արել։ Այստեղից ոչ մեկ չի եկել, չի ասել՝ ինչ է կատարվել, ինչ եք անում։ Այդ ժամանակ ստիպեցինք, որ բանակից էլ մասնակցեն որոնողական աշխատանքներին, նոր մի հատ գնդապետ են կցել Արցախից»,- ասել է ծնողներից մեկը։