կարևոր
2266 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-19 15:08

Զինծառայողների մահվան դեպքով Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ վարույթ է սկսել

Զինծառայողների մահվան դեպքով Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ վարույթ է սկսել

Այսօր մահացու հրազենային վիրավորումներով 3 զինծառայողների մարմիններ հայտնաբերելու մասին տեղեկության հրապարակումից հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անմիջապես խոսել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք պաշտպանի էջից:

Նախարարը Մարդու իրավունքների պաշտանին ներկայացրել է դեպքի հետ կապված իրավիճակը: Ինչպես տեղեկացրել է Նախարարը, բացարձակ կեղծ է սոցիալական ցանցերով տարածված տեղեկությունը, թե մեր երեք զինծառայողների մահը ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման հետևանք է:

Հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է մեր երկրի զինվորների իրավունքների, այդ թվում՝ մահացած զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանը, Արման Թաթոյանի որոշմամբ սեփական նախաձեռնությամբ սկսվել է վարույթ:

Միջադեպի հետ կապված՝ պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ կուղարկվեն իրավասու պետական մարմիններին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել է շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լևոն Ռաֆաելի Հարությունյանի, և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով: