կարևոր
9163 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-19 14:36

Փաշինյանի մեծադիր լուսանկարը պատրաստվել է և բաժանվել բոլոր պաշտոնյաներին

Փաշինյանի մեծադիր լուսանկարը պատրաստվել է և բաժանվել բոլոր պաշտոնյաներին

ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի աշխատասենյակում Բաբաջանյանի կուսակցության անդամների հետ մի ինչ-որ` երևի հույժ կարևոր քննարկմանը, տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի մեծադիր լուսանկարը՝ ՀՀ պետական դրոշի ուՀՀ քարտեզի կողքին։ Hraparak.am-ի տեղեկություններով, Անդրանիկ Քոչարյանի աշխատասենյակում փակցված լուսանկարից մեծ քանակով պատրաստվել է և բաժանվել բոլոր պաշտոնյաներին՝ ԱԺ-ում և կառավարությունում:

«2018-ին իշխանության գալով` Փաշինյանը հրահանգել էր բոլոր աշխատասենյակների պատերից հանել նկարները և հայտարարել էր, որ այլևս երբեք ՀՀ ղեկավարների նկարները պաշտոնյաների պատերին չեն փակցվելու: 

Էլ ավելի հեռավոր ապագայում կային ժամանակներ, երբ  ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երբ ՀՔԾ գնալիս տեսել է պատին փակցված Սերժ Սարգսյանի մեծադիր լուսանկարը, քննիչին հարցրել է. «Դուք` որպես Հատուկ քննչական ծառայության քննիչ, անկախ եք, չէ՞: Բա Ձեր սենյակում ի՞նչ գործ ունի Սերժ Սարգսյանի դիմապատկերը»։ Իսկ երբ քննիչը պատասխանել է, թե որպես պետական սիմվոլ, առաջարկել է՝ պետական սիմվոլ եք ուզում՝ զինանշան կախեք, դրոշ կախեք: Նաև գրավոր հարցումներ է ուղղել ՀՔԾ այն  ժամանակվա պետ Վահրամ Շահինյանին ու պատասխանները կարդացել 6-րդ գումարման ԱԺ-ի նստաշրջանի մի քանի քառօրյաներին։

Օրինակ՝ 2017 թվականի մայիսի 25-ին գրավոր հարցմամբ դիմել էր, թե  իրավական ինչ հիմնավորմամբ են ՀՔԾ քննիչների սենյակներում կախված Սերժ Սարգսյանի դիմանկարները: «Մինչ օրս, այսինքն՝ 6 ամիս անց, ՀՔԾ պետը հարցմանս չի պատասխանել՝ այսպիսով թույլ տալով օրենքի կոպիտ խախտում: Սույնով ուզում եմ հավաստիացնել, որ ՀՔԾ պետին պատասխանի կանչելու ձեւը կգտնեմ եւ այս հարցում լինելու եմ հետեւողական, իսկ ՀՔԾ բոլոր քննիչներին զգուշացնում եմ` իրենց պատերից հանել Սերժ Սարգսյանի լուսանկարը, քանի որ դրա համար ոչ մի իրավական հիմնավորում չկա, եթե, իհարկե, որեւէ քննիչ Սերժ Սարգսյանին իր պապը կամ հայրը չի համարում»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը: Իսկ նրա հիմնադրած ՀԺ-ն էլ այս թեմայով գրում էր՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հոդված 21-ը հստակ եւ ամբողջական սահմանում է  Հայաստանի Հանրապետության խորհրդանիշները, որոնք են` Հայաստանի Հանրապետության դրոշը, զինանշանը եւ օրհներգը:

Նիկոլ Փաշինյանն էլ 2016-յան գրառումներում մեկնաբանում էր. «Ուշադրություն դարձրեք. ՀՔԾ-ն այն մարմինն է, որ պետք է քննի պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կատարված հանցագործությունները: Եթե որեւէ մեկն ուզում է Սերժ Սարգսյանի կողմից կատարված հանցագործության մասին հաղորդում տալ, փաստորեն, պետք է հարցաքննվի այն սենյակներում, որտեղ փակցված է պոտենցիալ մեղադրյալի նկարը»:

Ի դեպ, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանն էլ այն ժամանակ տվյալներ էր հավաքել, որ Սերժ Սարգսյանի նկարներն իրենց պատերին փակցնելու համար Հայաստանի դպրոցները ծախսել են առնվազն 15 միլիոն դրամ:

ՀԳ․ Դեռ 2019-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ «Հայաստանի Հանրապետությունում այլևս երբեք չի կարող լինել բռնապետ, ում մտքով կանցնի, որ ինքն ավելի կարևոր է և հզոր, քան ՀՀ քաղաքացին»։

Հա, հետո ինչ, 2019-ին էլ «Իմ քայլը` հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին ու տեղական արտադրանքի EXPO ցուցահանդեսից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր նաև․ «Այլևս երբեք ՀՀ քաղաքացին չի լինի հուսահատ»»,-գրում է կայքը։