կարևոր
1924 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-19 13:17

Անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացրել ԱԱԾ-ի դիմաց

Անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացրել ԱԱԾ-ի դիմաց

Անհետ կորած զինծառայողների հարազատներն օգոստոսի 19-ին բողոքի ակցիա են իրականացրել Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց։ Նրանք նշում են, որ պատերազմից ամիսներ է անցել, սակայն իրենց երեխաների մասին որևէ տեղեկություն չունեն, դիմել են տարբեր կառույցներ, սակայն՝ ապարդյուն: Հարազատները պահանջում են որոնողական աշխատանքների շրջանակում ձեռնարկվող քայլերի ավելի հստակեցում:

ԱԱԾ շենքի դիմաց  բողոքի ակցիա են իրականացնող անհետ կորածների հարազատները մուտք գործեցին ծառայության շենք, հայտարարեցին՝ չեն հեռանա, քանի դեռ չեն հանդիպել ԱԱԾ տնօրեն Ա. Աբազյանի հետ։ ԱԱԾ շենքի առաջին հարկում հարազատներին խնդրեցին դրսում սպասել, նրանք դուրս չեկան շենքից։

«Մենք էլ համբերություն չունենք, էսօր ոչ մեկի պետքը չէ մեր ցավը»,-ասաց հարազատներից մեկը։ Ծնողներից մեկն էլ լրագրողներին ներկայացրեց Փաշինյանի հայտարարությունը.

«Մեզ հետ վերջին հանդիպմանը նա զարմանալի հայտարարություն արեց։ Ասաց՝ հնարավոր է, որ մեր երեխաներն Ադրբեջանում լինեն, գերեվարված, բայց որ չեն տալիս, ես ի՞նչ անեմ։ Նա օրինակ բերեց գրիչը, գրիչը գրպանում է, ես ասում եմ՝ տուր,  պատասխանում է՝ գրիչ չունեմ։ Ես ասում եմ՝ և ի՞նչ։ Նա պատասխանում է՝ «և վերջ»։ Վարչապետի պատասխանն է։

«Ամեն ինչ Արցախում համակարգված է եղել, ինչ արել են, Արցախի իշխանություններն են արել։ Այստեղից ոչ մեկ չի եկել, չի ասել՝ ինչ է կատարվել, ինչ եք անում։ Այդ ժամանակ ստիպեցինք, որ բանակից էլ մասնակցեն որոնողական աշխատանքներին, նոր մի հատ գնդապետ են կցել Արցախից»,- ասաց ծնողներից մեկը։

«Մենք պահանջում ենք, որպեսզի ստանանք մեր երեխաների աճյունները կամ, եթե ողջ են ու գերի են, այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկվեն ու հայրենիք վերադարձվեն: Հավաքվել ենք ընդամենը 1 դիվիզիոնի ծնողներով: Մենք անելանելի վիճակում ենք հայտնվել, համագործակցում ենք բոլոր կառույցների հետ: Հայրերը խրամատներ են մտնում, որոնողական աշխատանքներ են իրականացնում ԱԻՆ-ի ու Կարմիր խաչի աշխատակիցների հետ։ 21 անհետ կորած զինծառայողներից միայն 9-ի մարմիններն են գտել, որոնցից 8-ն էլ նույնականացվել էր. մեկն էլ դեռ չենք կարողանում պարզել՝ ում երեխան է»։

«Մինչեւ այսօր սպասում ենք։ Մեզ ասում են համբերությամբ զինվեք, մենք աշխատում մենք, բայց 10 ամիս է այդ արդյունքը մենք չենք տեսնում։ 10 ամիս է՝ իմ երեխան չկա, անհետ կորած է, թող մեկն ասի՝ քո երեխան զոհվել է, գերի է, մի բան պիտի ասե՞ն, թե՞ չէ»,- ասել է անհայտ կորած զինծառայողի ծնողը։

Ծնողներից մեկն էլ ասաց, որ որեւէ մեկը չի հետաքրքրվել, թե անհետ կորած զինծառայողների հարազատներն ինչ վիճակում են.

«Մենք՝ ծնողներս, ավելի շատ բան ենք անում։  Ցանկացած անհետ կորած զինվորի հարազատին մի հատ հարց տվեք՝ ո՞ր մեկին են այսքան ժամանակ զանգել եւ հետաքրքրվել՝ ի՞նչ վիճակում ենք»։

Հարազատներն այս պահին հանդիպում են ԱԱԾ տնօրենի հետ: