կարևոր
1240 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-19 09:38

«Ժողովուրդ»․ Հեղուկ գազի շուկան չի կարգավորվում. Ռուսաստանում հերթեր են, մեքենաները չեն հասցնում բեռնել

«Ժողովուրդ»․ Հեղուկ գազի շուկան չի կարգավորվում. Ռուսաստանում հերթեր են, մեքենաները չեն հասցնում բեռնել

«Հայաստանում հեղուկ գազի շուկան արդեն երկու ամիս է, ինչ չի կարգավորվում: Եթե շաբաթներ առաջ հեղուկ գազը կտրուկ թանկացել էր, ապա այժմ այն պարզապես չկա: «Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայի շուրջ չի դադարում վարորդներից դժգոհություններ ստանալ: Նրանց խոսքերով՝ իրենք այս օրերին չեն կարողանում հեղուկ գազ գնել, եթե գտնում են, ապա բարձր գնով:

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց «Գազ Պրոպան» ընկերության հետ եւ հետաքրքրվեց՝ ինչու հեղուկ գազ չկա եւ երբ է լինելու: Մեր հարցին ի պատասխան՝ ընկերության ներկայացուցիչն ասաց. «Կոնկրետ մեզ մոտ այսօր (երեկ) երեկոյան՝ 20.00-ից հետո մեկ մեքենա կլինի, բայց միայն մեր ընկերության՝ Տիչինա հասցեի մասնաճյուղում, իսկ մեկ-երկու օրից՝ մյուս մասնաճյուղերում: Այս պահին հեղուկ գազի համար մեծ հերթեր են Ռուսաստանի Դաշնությունում, չեն հասցնում մեքենաները բարձել, դրա համար չկա գազ: Ռուսաստանում մեզ ասում էին՝ գազ չկա, քիչ է, դրա հետեւանքով են հերթեր գոյացել»: Ի դեպ, սրան զուգահեռ նկատենք, որ Հայաստանում հեղուկ գազի գինը երկու ամիսների ընթացքում 200 դրամից բարձրացել է՝ դառնալով 260-270 դրամ:

Գազալցակայաններ կան, որտեղ այն վաճառվում է 250 դրամով: Այն մեր հանրապետությունում կշարունակի բարձր գնով վաճառվել, քանի որ Ռուսաստանում եւս թանկացել է: «Ամենայն հավանականությամբ, եթե գնում ենք բարձր գնով, պետք է վաճառենք բարձր գնով»,- նկատեց «Գազ Պրոպան» -ի ներկայացուցիչը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։