«Թալիբանի» իշխանության գալուց հաշված օրեր անց Աֆղանստանի տարբեր շրջաններում բողոքի ցույցեր են սկսվել:
Մայրաքաղաք Քաբուլի փողոցներում մի խումբ կանայք բողոքել են թալիբների դեմ՝ չնայած որ նախօրեին շարժման առաջնորդներն իրենց առաջին ասուլիսում հայտարարել էին, թե աֆղանցի կանանց իրավունքները կհարգվեն իսլամի օրենքի համաձայն:
Ջալալաբադ քաղաքում էլ այսօր ցուցարարները պահանջում էին թալիբներից չփոխել Աֆղանստանի դրոշը շարժման դրոշով: Բողոքի ցույցի ժամանակ մարդիկ իջեցրել էին Թալիբանի դրոշը և բացել կարմիր, կանաչ և սև ազգային դրոշը: Չնայած ակցիան լայնամասշտաբ չի եղել, թալիբները կրակ են բացել ցուցարարների վրա:
Տեղական Pajhwok Afghan News լրատվական գործակալության թվիթերյան գրառումներով ներկայացրել է բողոքի մասնակիցներին: Ականատեսների խոսքով՝ թալիբների դրոշը հանելիս 3 մարդ տեղում գնդակահարվել է: Կան նաեւ վիրավորներ: