կարևոր
1264 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-18 22:38

Դատարանը մերժեց Իրինա Յոլյանին կալանավորելու միջնորդությունը

Դատարանը մերժեց Իրինա Յոլյանին կալանավորելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժեց Գորիսի համայնքապետի տեղակալ Իրինա Յոլյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։

Մինչև դատական նիստի մեկնարկը Իրինա Յոլյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Յոլյանի ձերբակալությունը միանշանակ ոչ իրավաչափ է: Ալեքսանյանը նշել էր, որ Յոլյանը մեղադրանքը չի ընդունում և հրաժարվել է ցուցմունք տալ:

«Տիկին Յոլյանը միշտ քննադատել է այս իշխանությանը, և մենք ականատես ենք լինում այն իրողություններին, որ ովքեր քննադատում են իշխանությանը, շատ քիչ ժամանակ անց գտնվում են անազատության մեջ կամ նվազագույնը գոնե ձեռք են բերում մեղադրյալի կարգավիճակ»,- նշեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին ՀՀ ՔԿ-ն որոշումներ է կայացրել Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանին, համայնքապետարանի երկու աշխատակիցներին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով որպես մեղադրյալներ ներգրավելու մասին: Նրանք ձերբակալվել են երեկ՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդության քննության նպատակով դատարան ներկայացվելու համար։

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Գորիսի համայնքապետարանի աշխատակցուհիներ Սուսաննա Մկրտչյանին և Արմինե Չոպչունցին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունները՝ արձանագրելով, որ բացակայում են կալանավորման հիմքերը։

Նշենք, սակայն, որ դատավոր դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարել է Մենուա Հովսեփյանին կալանավորելու՝ քննիչի միջնորդությունը։ Հիշեցնենք, որ կալանավորված է նաև Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը: