կարևոր
2728 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-18 21:39

Դատարանը բավարարեց Մենուա Հովսեփյանին կալանավորելու՝ քննիչի միջնորդությունը

Դատարանը բավարարեց Մենուա Հովսեփյանին կալանավորելու՝ քննիչի միջնորդությունը

Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը կկալանավորվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարեց Մենուա Հովսեփյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին հայտնել է փաստաբան Արմեն Մելքոնյանը։

«Ոչ մի լավ գործ անպատիժ չի մնում»,-նշեց փաստաբանը՝ հավելելով, որ Մենուա Հովսեփյանն ապօրինի է կալանավորվել։

Պաշտպանը հայտնել է, որ իրենք վերաքննիչ բողոք են ներկայացնելու, եթե այն չի մակագրվի Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի կողմից։

«Բայց եթե էլի պատճառաբանեն, որ համակարգիչները չեն աշխատում, ու ձեռքով են մակագրելու, ապա բողոքը կդառնա անիմաստ։ Մնացական Մարտիրոսյանը Մենուա Հովսեփյանին ուղարկեց «Արմավիր» ՔԿՀ»,- նշել է նա։

Ընդ որում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը հաստատված է համարել քննիչի կողմից մատնանշված այն բոլոր հիմքերը, որոնք դրվել են նաև գործով անցնող մյուս մեղադրյալների կալանավորման միջնորդության հիմքում, սակայն նույնանման մեկ այլ միջնորդություն մերժվել է՝ հենց այդ հիմքերի բացակայությամբ։

Ավելի վաղ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, մերժել էր Գորիսի համայնքապետարանի 66-ամյա աշխատակցուհուն՝ Սուսաննա Մկրտչյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը՝ արձանագրելով, որ բացակայում են կալանավորման հիմքերը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին ՀՀ ՔԿ-ն որոշումներ է կայացրել Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանին, համայնքապետարանի երկու աշխատակիցներին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար որպես մեղադրյալներ ներգրավելու մասին: Նրանք ձերբակալվել են երեկ՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդության քննության նպատակով դատարան ներկայացվելու համար։