կարևոր
2119 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-18 21:05

Վրաստանը չի պատրաստվում Աֆղանստանից փախստականների ընդունել․ Վրաստանի ԱԳՆ

Վրաստանը չի պատրաստվում Աֆղանստանից փախստականների ընդունել․ Վրաստանի ԱԳՆ

Մինչ ՀՀ ԱԳՆ ճշտում է Աֆղանստանում հայերի մասին տղեկությունները, Վրաստանի ԱԳՆ հայտրարաում է՝ իրենց երկիրը չի պատրաստվում ընդունել Աֆղանստանից փախստականների և այս հարցը նույնիսկ չի քննարկում: Այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդրե Խվթիսիաշվիլին․ գրում է  jnews.ge-ն։

Վրաստանի ԱԳՆ ներկայացուցիչն այսօր եղել է Թբիլիսիի օդանավակայանում, որտեղ լուսադեմին հունգարական ինքնաթիռը Աֆղանստանից բերել է Վրաստանի վեց քաղաքացիներին, ովքեր Քաբուլում պայմանագրով աշխատում էին ամերիկյան ընկերությունում:

Հատուկ չվերթով հայրենիք վերադարձած քաղաքացիներին դիմավորել են նրանց հարազատները, արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը, ինչպես նաև Վրաստանի կառավարության վարչակազմի ղեկավար Իլիա Դարչիաշվիլին:

Ալեքսանդրե Խվթիսիաշվիլին ասել է, որ հունգարական ինքնաթիռում, որը Վրաստանի քաղաքացիներին բերել է Թբիլիսի, չկան Աֆղանստանից փախստականներ: Վրացիների հետ միասին հունգարական ինքնաթիռը Քաբուլից դուրս է բերել եվրոպական երկրների մի քանի տասնյակ քաղաքացիների, որոնք այնուհետև Թբիլիսիից այլ երկրներով տեղափոխվել են իրենց երկրներ:

«Թբիլիսի ժամանած հունգարական ինքնաթիռը ոչ մի փախստականի չի բերել: Այս չվերթով փոխադրվել են նաև այլ մարդիկ, ովքեր արդեն այլ ինքնաթիռներով մեկնել են դեպի իրենց երկրներ, բոլորը եվրոպացիներ են: Վրաստանը չի պատրաստվում ընդունել Աֆղանստանից փախստականների, դրա մասին խոսակցություն չկա», - ասել է Խվթիսիաշվիլին:

ԱԳՆ ներկայացուցիչը նաև հստակեցրել է, որ Աֆղանստանում Վրաստանի 23 քաղաքացի է գտնվել, սակայն նրանցից մեկին տարհանում են ոչ թե վրացական իշխանությունները, այլ այն ընկերությունը, որում նա աշխատում է:

«Աֆղանստանում Վրաստանի 22 քաղաքացի էր գտնվում: Հետո տեղեկատվություն տարածվեց, ինչ-որ մեկը տեսանյութ էր տեղադրել, որ մեկ այլ վրացի էլ կա իրենց հետ: Արտաքին գործերի նախարարությունը նրա հետ էլ կապ հաստատել, նրան առաջարկվել էր այս չվերթով ժամանել, սակայն նա ասել էր, որ իր մեկնումն արդեն ծրագրել է այն ընկերությունը, որտեղ նա աշխատում է, և նա թռչելու է այդ չվերթով», – ասել է Խվթիսիաշվիլին:

Վրաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Քաբուլում է մնում Վրաստանի ևս 16 քաղաքացի, և նրանց տարհանման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում:

Նրա խոսքով՝ բոլորը ողջ և առողջ, ապահով վայրում են գտնվում:

Հիմնական խնդիրը մնում է Վրաստանի քաղաքացիների տեղաշարժը Քաբուլում և նրանց անվտանգ տեղափոխումն օդանավակայան՝ Աֆղանստանում անկայուն և քաոսային իրավիճակի պատճառով:

«Այնտեղ են մնում մեր 16 համաքաղաքացիները, մենք ակտիվորեն աշխատում ենք նրանց քաղաքից օդանավակայան հասցնելու ուղղությամբ, որտեղ բազան արդեն վերահսկվում է ԱՄՆ -ի, Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի զինված ուժերի կողմից: Այդտեղից արդեն կկատարվի այդ մարդկանց Վրաստան ինքնաթիռով տեղափոխումը: Մենք գործընկերների հետ աշխատում ենք այս ուղղությամբ:Գործընկեր երկրները նախատեսում են տասնյակ չվերթներ իրականացնել այնտեղից, որոնց միջոցով մենք կարող ենք ուղարկել մեր քաղաքացիներին: Զուգահեռաբար, մենք աշխատում ենք այն ուղղությամբ,որ Աֆղանստանն ընդունի Վրաստանից ինքնաթիռ: Սա կապված է որոշակի դժվարությունների հետ, քանի որ իրավիճակը քաոսային է, իրավիճակը բարդ է, և եթե մոտ ժամանակներս հաջողվի ուղարկել ինքնաթիռը, ապա նրանք կժամանեն դրանով : Եթե ոչ, ապա մենք կօգտագործենք առաջին իսկ հնարավորությունը », - ասել է Խվթիսիաշվիլին:

Հիշեցնենք, որ Աֆղանստանում տիրող վիճակի մասին պաշտոնական Երևանը դեռ ոչ մի հայտարարություն չի արել։