կարևոր
883 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-18 18:57

Արմեն Չարչյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննության դատական նիստը հետաձգվել է

Արմեն Չարչյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննության դատական նիստը հետաձգվել է

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Սևակ Համբարձումյանի նախագահությամբ կայացել է «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքի քննությունը։

Վերաքննիչ քրեական դատարանում բողոքի քննության ընթացքում մեղադրող դատախազն արձանագրել է, որ խոսքը գնում է ծանր հանցագործության մասին, իսկ Արմեն Չարչյանի կողմից գործի քննությանը հնարավոր խոչընդոտելու ռիսկը չի նվազել, ուստի գտնում է, որ Չարչյանի նկատմամբ որպես խափանման միջոց պետք է կիրառվի կալանավորումը։

Ըստ մեղադրող դատախազի՝ առաջին ատյանի դատարանի որոշումն անհիմն է և չի բխում Քրեական դատավարության օրենսգրքից, ինչը, ըստ դատախազի, պետք է արձանագրվի նաև Վերաքննիչ քրեական դատարանի կողմից, ինչի հետևանքը կլինի առաջին ատյանի դատարանի որոշման բեկանումը։ 

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ներկայացրել է իրենց առարկությունները, նշելով՝ նախաքննության ընթացքում սահմանվում էր գործի քննությանը խոչընդոտելու ռիսկը՝ վկաների վրա ազդեցություն գործադրելու տեսանկյունից, սակայն այժմ վկաներն արդեն իսկ ցանկալի ցուցմունքներ են տվել, հետևաբար, նրանց վրա ազդեցություն գործադրելու տրամաբանություն չկա։

«Բացի այդ առաջին ատյանի դատարանում՝ դատաքննության նախապատրաստման փուլում, Արմեն Չարչյանի խափանման միջոցի քննության պահին Չարչյանն այլևս չէր հանդիսանում «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, հետևաբար, իր կարգավիճակից ելնելով հնարավորություն այլևս չուներ խոչընդոտելու, իսկ այն, որ Արմեն Չարչյանն ունի հեղինակություն, դա պետք է գնահատվի դրական իմաստով, ոչ թե՝ բացասական»,-արձանագրել է փաստաբանը։

Ալեքսանյանը նշել է, որ ինչ վերաբերում է հանրային վտանգավորությանը, ապա ՄԻԵԴ-ն հստակ արձանագրել է, որ մեղսագրվող հանցանքի ծանրության աստիճանը հիմք չէ, դա տարր է, որը պետք է գնահատվի հիմքերի հետ համատեքստում։

«Պատգամավորը չի կարող ազատազրկվել՝ առանց ԱԺ համաձայնության։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը հիմնավոր է, դատախազի բողոքն անհիմն է և ենթակա է մերժման»,-ասել է պաշտպանը։

Դատական նիստը հետաձգվեց՝ մինչև օգոստոսի 20-ը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, գործի՝ դատաքննության նախապատրաստման փուլում քննարկել է Չարչյանի խափանման միջոցի հարցը և հուլիսի 21-ին նրան կալանքից ազատել՝ բավարարելով Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին պաշտպանների միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 15 մլն ՀՀ դրամը։ Մեղադրող դատախազ Ազատ Մարգարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել Արմեն Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին դատարանի որոշումը, իսկ Չարչյանի նկատմամբ նախկինում ընտրված խափանման միջոց կալանավորումը համարել հիմնավորված և թողնել անփոփոխ։

Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանի քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել էր 2021թ հունիսի 18-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: Հուլիսի 6-ին դատախազությունը գործն ուղարկել է դատարան: 

Բժիշկ Չարչյանին նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը՝ մեկ ամսով: ԱԺ 7 պատգամավոր անձնական երաշխավորություն է ներկայացրել՝ միջնորդելով փոխել բժիշկ Արմեն Չարչյանի խափանման միջոցը։