Գորիսի փոխքաղաքապետեր Իրինա Յոլյանի և Մենուա Հովսեփյանի կալանավորման գործով նիստը շարունակվում է: Դատավորներ Ֆարխոյանի և Մարտիրոսյանի նկատմամբ պաշտպանական կողմի ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունները մերժվել են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպան Արմեն Մելքոնյանը:
Պաշտպանի խոսքով՝ Գորիսի փոխքաղաքապետների եւ նաեւ քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ տրված ցուցմունքներն անհիմն են։ Մելքոնյանը նշում է, որ գործի մեջ հիմնավոր կասկածը ապացուցող որևէ ապացույց գոյություն չունի․
«Քննիչը հարցաքննում է մի կնոջ, որը ստացել է ենթադրենք 50.000 դրամ օգնություն, որովհետև անապահով ընտանիքից է, հարցաքննության ժամանակ ասում է՝ Ձեր պարանոցին բարակ ոսկյա վզնոց եմ նկատում, դուք սոցիալապես անապահով չեք: Քննիչը իրեն փորձագետի ֆունկցիա է վերապահում և գնահատական է տալիս: Եվ այս եղանակով որոշում են իբր 62 հոգու Գորիսի քաղաքապետարանը ոչ ճիշտ օգնություն է տրամադրել»:
Պաշտպանը ընդգծել է, որ քաղաքացիներից ոչ ոք չի նշել, որ քաղաքապետարանի աշխատակիցները, փոխքաղաքապետները այդ օգնությունը տրամադրել են որևէ շահ հետապնդելով:
«Բոլորին անխտիր տրվել է նույն հարցը՝ արդյոք Առուշ Առուշանյանը, Իրինա Յոլյանը բավարարել են ձեր խնդրանքները, որպեսզի դրա դիմաց որևէ մեկի օգտին քվեարկեք: Հարցաքննված բոլոր անձիք հերքում են այդ ամեն ինչը»,-ասել է պաշտպանը:
Նշենք, որ պաշտպան Էրիկ Ալեքսանյանը Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանի ձերբակալությունը ոչ իրավաչափ է համարել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գորիսի փոխհամայնքապետերին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել:
Օգոստոսի 16-ին ՀՀ ՔԿ-ն որոշումներ է կայացրել Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանին, համայնքապետարանի երկու աշխատակիցներին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար որպես մեղադրյալներ ներգրավելու մասին: Նրանք ձերբակալվել են երեկ՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդության քննության նպատակով դատարան ներկայացվելու համար։