կարևոր
1825 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-18 12:47

Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանի ձերբակալությունը միանշանակ ոչ իրավաչափ է. պաշտպան

Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանի ձերբակալությունը միանշանակ ոչ իրավաչափ է. պաշտպան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում այսօր մեկնարկել էր Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդության քննությունը:

Մինչև դատական նիստի մեկնարկը Իրինա Յոլյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Յոլյանի ձերբակալությունը միանշանակ ոչ իրավաչափ է: 

«Մենք ձերբակալման արձանագրության մեջ նշել ենք, որ  այդ պատճառն այնքանով է ոչ իրավաչափ, որ քննիչի կողմից այդ նպատակի իրագործումը հայեցողական իրավունք է, այսինքն՝ քննիչն ունի հայեցողական իրավունք ձերբակալելու, որպեսզի ներկայացնի մեղադրյալին դատարան՝ կալանավորման հարցի քննարկման համար: Մյուս հայեցողական իրավունքն այդ նպատակի  իրագործման շրջանակներում համապատասխան ծանուցմամբ մեղադրյալին հրավիրելն է և տեղեկացնելը, որ  դատարանում պետք է քննվի կալանավորման հարցը: Մենք քննիչին հարց ենք ուղղել՝ ինչո՞վ է պայմանավորված, որ  ավելի ոչ բարենպաստ հայեցողական իրավունքն է կիրառվել, բայց մեզ այդպես էլ չներկայացրին որևէ փաստական տվյալ, կամ հիմնավորված դատողություն այն մասին, որ ավելի բարենպաստ հայեցողական իրավունքի իրագործումը չի լինի արդարացված»,-ասաց Ալեքսանյանը:

Պաշտպանը նաև հայտնեց, Իրինա Յոլյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 179-րդ հոդվածով, որն իրենից ներկայացնում է յուրացման և վատնման հանցակազմ, իսկ տվյալ դեպքում փոխքաղաքապետին դեպքում մեղսագրվում է վատնումը.

«Ասում են՝ իբրև խախտվել է սոցիալական օգնությունների տրամադրման համապատասխան կարգ, և պետությանը պատճառվել է համապատասխան վնաս, իբրև օգնություններ են տրամադրվել  այնպիսի անձանց, որոնք իրականում կարիքավոր չեն, որևէ խնդիր չունեն»,-ասաց պաշտպանը և հավելեց, որ մեղադրանքը չեն ընդունում և հրաժարվել են ցուցմունք տալուց:

Էրիկ Ալեքսանյանի փոխանցմամբ՝ օգնությունները տրամադրվել են այն քաղաքացիներին, որոնք դիմում են ներկայացրել դրա համար, իսկ համայնքապետարանն էլ համապատասխան օգնություն է տրամադրել նրանց. «Այդ մարդիկ այդ գումարներն իրենց գրպանը չեն դրել, այդ քաղաքացիները նրանց հետ  բարեկամական կապի մեջ չեն, ընդամենը օգնություն է տրամադրվել։ Գործ ունենք իրավիճակի հետ, որ օգնություն տալու համար անձին պետք է մեղադրանք առաջադրե՞ն և դատապարտե՞ն»,-ասաց Էրիկ Ալեքսանյանը։

Ալեքսանյանը նշեց, որ Յոլյանը մեղադրանքը չի ընդունում և հրաժարվել է ցուցմունք տալ:

«Տիկին Յոլյանը միշտ քննադատել է այս իշխանությանը, և մենք ականատես ենք լինում այն իրողություններին, որ ովքեր քննադատում են իշխանությանը, շատ քիչ ժամանակ անց գտնվում են անազատության մեջ կամ նվազագույնը գոնե ձեռք են բերում մեղադրյալի կարգավիճակ»,- նշեց փաստաբանը:

«Մենք մեղադրանքը չենք ընդունում, հրաժարվել ենք ցուցմունք տալուց։ Բայց պայմանականորեն ընդունենք կարգը խախտել է, և օգնություններ է տրամադրվել ոչ կարիքավոր մարդկանց, և եթե կա կարգի խախտում, այն իր մեջ կարող է պարունակել կարգապահական զանցանքի հատկանիշներ, տվյալ դեպքում ինչպե՞ս  է վարույթ իրականացնող մարմինը տվել սահմանումը կարգապահական զանցանքի և հանցագործության»,-ասել է պաշտպանը։

Հիշեցնենք, որ Գորիսի փոխհամայնքապետերին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել: