Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համանախագահությամբ Մոսկվայում կայացել է եռակողմ աշխատանքային խմբի նիստը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ալեքսեյ Օվերչուկը և Շահին Մուստաֆաևը վերսկսել են տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման եռակողմ խմբի աշխատանքները:
Օգոստոսի 17-ին կայացած նիստում կողմերը դիտարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հեռանկարները և քննարկել 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող աշխատանքների հետագա ընթացքը։
Աշխատանքային խմբի առաջին հանդիպումը կայացել էր 2021 թվականի հունվարի 30-ին Մոսկվայում։
Եռակողմ խումբը դադարեցրել էր աշխատանքները ամիսներ առաջ, երբ ադրբեջանական զինվածն ուժերը ներխուժել էին ՀՀ ինքնիշխան երկրի տարածք և մի քանի կիլոմետր առաջ էին եկել Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում։ Հունիսի 1-ին Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ եռակողմ խմբի աշխատանքը դադարեցվել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպերից հետո։
Փաշինյանը, սակայն, անցած շաբաթ կառավարության նիստում պնդել էր, թե անհրաժեշտ է վերսկսել բանակցությունները։