կարևոր
625 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-08-18 10:09

Տուրընկերությունների գործողություններում խարդախության դեպքեր են արձանագրվում. «Ժողովուրդ»

Տուրընկերությունների գործողություններում խարդախության դեպքեր են արձանագրվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում խարդախության արդեն որերորդ դեպքն է գրանցվում տուրիստական ընկերության կողմից: Օրեր առաջ հայտնի դարձավ, որ «Դավինչի թրավել»-ից գնել են արտերկրում հանգստի ուղեգրեր, հետո պարզվել է, որ իրենց անունով տոմսեր չկան, հյուրանոցները գումարը չեն ստացել, ամրագրումներ չեն արվել։ Խարդախության նման դեպքեր գրանցվում են ամեն տարի՝ ամառային հանգստի սեզոնին:

Պատճառն այն է, որ տուրօպերատորները որևէ պետական կառույցի կողմից չեն վերահսկվում: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ զբոսաշրջային ընկերությունները Հայաստանում չեն էլ լիցենզավորվում: «Զբոսաշրջային կոմիտեն չունի նման մեխանիզմ և լիազորություններ, որպեսզի վերահսկողություն իրականացնի:

Ուղիղ լիազորություն, որ ընկերության գործունեություն կասեցնի, եթե խարդախություն են անում, կոմիտեն չունի: Օրենքով նախատեսված է, որ փաթեթ վաճառելիս զբոսաշրջային օպերատորը սպառողի հետ պայմանագիր կնքի, և պայմանագրում ենթակա դրույթներ ևս նախատեսված են, կոմիտեն չի կարող վերահսկել՝ կնքվում է այդ պայմանագիրը, թե ոչ», - «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը»,-գրում է թերթը: