Հարեւան գյուղերից տեխնիկա խնդրելու՝ տարիների պրակտիկան Վայոց ձորի մարզի Արտաբույնք համայնքում այլեւս չի կիրառվի: Վիվա-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, «Էկոգյուղերի ցանց» ծրագրի շրջանակում, լուծել են գյուղի խնդիրը: Արտաբույնքում վստահ են, որ ամիսների քրտնաջան աշխատանքի արդյունքն այլեւս չեն կորցնի: Համայնքին նվիրաբերված՝ գործարանային արտադրության «Բելառուս» տրակտորն ու «Տուկան-1600» մոդելի հակավորիչ սարքը, բոլորի հողամասերում կհայտնվեն համակարգված ժամանակացույցով:
Չնայած խիստ անհրաժեշտությանը, Արտաբույնքի բնակիչները տրակտոր չեն ունեցել: Հարեւան գյուղերի աջակցությունից օգտվելու համար ստիպված են եղել հարմարվել ժամանակի կորստի եւ լրացուցիչ ծախսեր անելու անհրաժեշտության հետ: Հիմա արդեն վստահ են՝ հնձված խոտն արեւի տակ շատ երկար չի մնա, քամուց էլ չի քշվի: Պատրաստ են իրար թեւ-թիկունք լինել եւ աշխատել:
Գործընկեր կազմակերպությունները՝ Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, ձգտում են պայմաններ ապահովելով նպաստել մարզերի զարգացմանը: Կա այն վստահությունը, որ ապրուստը հոգալու միջոցներ եւ կենցաղավարության նվազագույն պայմաններ ապահովելու դեպքում, հնարավոր կլինի նպաստել գյուղական համայնքների զարգացմանը:
Արտաբույնքում գյուղատնտեսական աշխատանքներն ընթացքի մեջ են: Գյուղացուն օգնության հասած տեխնիկան ոչ միայն նոր է, այլեւ շահագործման առումով հեշտ կառավարելի: