կարևոր
3925 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-17 18:07

ԱԺ նախագահությունը կատարեց «Հայաստան» խմբակցության պահանջը

ԱԺ նախագահությունը կատարեց «Հայաստան» խմբակցության պահանջը

Ազգային ժողովի նախագահը հայտարարեց, որ «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված առաջարկն ընդունվել է. վաղը խորհրդարանում տեղի կունենա փակ քննարկում սահմանային իրավիճակի շուրջ: Ներկա կլինեն նաև համապատասխան գերատեսչությունների պատասխանատու պաշտոնյաները: 

Նշենք, որ այսօր ԱԺ արտահերթ նիստի մեկնարկին «Հայաստան» խմբակցություն ղեկավար Սեյրան Օհանյանը առաջարկեց սահմանի իրավիճակի վերաբերյալ քննարկում կազմակերպել: 

«Ելնելով ՀՀ շուրջը և սահմանին առկա լարվածությունից՝ «Հայաստան» խմբակցությունն առաջարակում է օրակարգում ընդգրկված օրինագծի երկու ընթերցումների միջև եղած ժամանակահատվածում փակ, կամ բաց, ինչպես որոշենք, քննարկում կազմակերպենք համապատասխան պատասխանատու անձանց ներկայությամբ՝ հաշվի առնելով այն, որ իրարամերժ տեղեկություններ են գալիս սահմանային իրավիճակի մասին»,-ԱԺ արտահերթ նիստի մեկնարկին հայտնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Նա հայտնեց, որ քննարկումներ կազմակերպելը նպատակ ունի ծանոթանալու իրավիճակին, որպեսզի հասարակության մտահոգությունները փարատվեն:

Հիշեցնենք, որ երկու օր է ադրբեջանական զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակում են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի, նաև Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Թշնամու հրաձգությունից զոհվել է երկու հայ զինծառայող, երկուսը՝ վիրավորվել է: 

Այսօր ժամը 14։45-ից սկսած, Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի, մասնավորապես` Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ