կարևոր
973 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-17 21:03

ՔՊ-ի 65 կողմ ձայնով ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց Սևանի ջրառի ծավալների մասին Կառավարության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈւԹ

ՔՊ-ի 65 կողմ ձայնով ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց Սևանի ջրառի ծավալների մասին Կառավարության նախագիծը: 

«Հայաստան» խմբակցությունն այս որոշմանը դեմ է քվեարկել՝ հիմնավորմամբ, որ այն ուղղված է, ոչ թե գյուղատնտեսությանը, այլ՝ իշխանությունների կառավարմանը:

Նախագծով առաջարկվում է 2021 թվականին Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչև 245 մլն մ3՝ հավելյալ 75 մլն մ³:

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներն, այնուհանդերձ, իրենց ելույթներում նշեցին, որ Կառավարության առաջարկը հիմնավորված չէ, և հստակ վիճակագրական և վերլուծական հիմնավորումներ չեն ներկայացվել: Եվ արդյոք հիմնավորվա՞ծ է  այն պնդումը, թե ջուր չի եղել, թե՞ ջրային ռեսուրսների սխալ կառավարման արդյունքում ենք հայտնվել այս իրավիճակում: 

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն իշխանության ներկայացուցիչներին հիշեցրեց, որ 2018-ին նշում էին, որ 36 հազար հեկտար հողատարածք պետք է ոռոգեն, դրանից բացի նաև մի հսկայական մաս էլ գաղտնի էր, իսկ հիմա իշխանությունը խոսում է 31 հազար հա ոռոգվող տարածքի մասին, ինչը նշանակում է, կամ ներկայիս իշխանության կառավարման տարիներին նվազել են ոռոգվող հողատարածքները, կամ հավելյալ անարդյունավետ ջրառ են իրականացնում:  Պատգամավորը նկատեց, որ այս տարվա առաջին ջրբացթողումն համընկնում է նախընտրական շրջանի հետ:

«Արդյունավետ կառավարեք, որպեսզի ջուրը գյուղացուն հասանելի լինի, ձեր անարդյունավետությունը մի գցեք ժողովրդի և ընդդիմության վրա»,-հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղարը:

Սևանից հավելյալ ջրառ վերցնելու մասին նախագծի երկրորդ ընթերցման մեկնարկին Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը խորհրդարանում հայտնեց, որ օրինագծի վերաբերյալ միակ առաջարկը եղել է «Պատիվ ունեմ» խմբակցությունից, որով առաջարկվել էր քիչ ջրառ իրականացնել, և այն չի ընդունվել:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը տեղեկացրեց, որ իրենց դիմել են բազմաթիվ բնապահպանական կազմակերպություններ, որոնք համոզված են՝ այն կխախտի Սևանի էկոլոգիական վիճակը: Թովմասյանը Ջրային կոմիտեի նախագահին խնդրեց բացատրել և ավելի հստակ նշել անհրաժեշտ ջրի քանակը:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ շեշտեց, որ կրկնում է իր պնդումը՝ նախընտրական շրջանում Սևանից 32 մլն խմ ջուր է բաց թողնվել:

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում։