25.05.2022
|
||
---|---|---|
USD | 450.71 -1.99 | |
GBP | 562.98 -3.35 | |
EUR | 480.77 -3.94 | |
GEL | 158.28 +0.27 | |
RUB | 8.04 +0.02 |
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի և Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի վերաբերյալ քրեական գործով դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ քրեական գործը երեկ ուղարկվել է դատարան։
Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո հարուցվել էր քրեական գործ՝ «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու համար ընտրակաշառք տալու վերաբերյալ։ Ընդ որում՝ ըստ ՀՔԾ-ի, որպես ընտրակաշառք է ներկայացվել համայնքի բնակիչներին համայնքային բյուջեից տրված դրամական աջակցությունը։ Քրեական գործի շրջանակներում նախ՝ հուլիսի 5-ին ձերբակալվել էր Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու հատկանիշներով, որից հետո արդեն Առուշ Առուշանյանը։
Ընդ որում՝ Ա.Առուշանյանը կալանավորվել է հենց Լ.Ավետյանի ցուցմունքի հիման վրա, որի խափանման միջոց կալանավորումը դատախազությունը վերացրեց այն բանից հետո, երբ Առուշանյանը կալանավորվեց։
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Լուսինե Ավետյանը գործարքի է գնացել իրավապահ մարմինների հետ՝ իր ազատության դիմաց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք տալով։ Ավելին՝ Առուշանյանի դեմ ցուցմունք տալուց հետո Ավետյանի ազգականներից մեկն աշխատանքի է անցել դատախազությունում։
Ավետյանի ցուցմունքի հիման վրա Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասի (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Ավելի վաղ էլ հայտնել էինք, որ ավարտվել է Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ու նրա տեղակալի գործով նախաքննությունն ու գործն ուղարկվել է դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ։
Հիշեցնենք, որ այսօր ձերբակալվել են նաև Գորիսի փոխքաղաքապետներ Իրինա Յոլյանը և Մենուա Հովսեփյանը: Նրանք կասկածվում են առերևույթ առանձնապես խոշոր չափի յուրացում կամ վատնում կատարելու համար: