կարևոր
1399 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-17 16:33

Արմեն Գևորգյանի անձեռնմխելիության հարցով պաշտպանը միջնորդել է դիմել ՍԴ

Արմեն Գևորգյանի անձեռնմխելիության հարցով պաշտպանը միջնորդել է դիմել ՍԴ

ՀՀ նախկին փոխվարչապետ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ պահանջելով դիմել ՍԴ՝ Արմեն Գևորգյանի անձեռնմխելիության հաղթահարման վերաբերյալ օրենսդրական բացի հարցով։

Փաստաբանը նշել է, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել բացառապես ԱԺ թույլտվությամբ։ Սահմանադրությամբ պատգամավորը երաշխավորված է ինչպես գործառութային, այնպես էլ՝ անձնական անձեռնմխելիությամբ, սակայն առկա չէ կարգավորում՝ հին կամ նոր քրեական հետապնդման վերաբերյալ, օգտագործվում է հետապնդում երևույթը, այլ ոչ թե՝ նոր կամ հին հետապնդում։

Պաշտպանության կողմը խնդիր է տեսնում Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդման շարունակականության վերաբերյալ։

Պաշտպան Հայկ Ալումյանը նշել է, որ դատարանը դիմում է ՍԴ, եթե կասկածներ ունի՝ նորմի սահմանադրականության հարցի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ այսօրվա դատական նիստում տպավորություն է, թե դատարանի կողմից կան որոշակի վերապահումներ՝ կապված անձեռնմխելիության հաղթահարման հետ, հետևաբար, դատարանը պետք է դիմի ՍԴ և կասեցնի գործի վարույթը։

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկեց միջնորդությանը՝ պնդելով, որ քրեական հետապնդման հարուցումը բացահայտված է Քրեական դատավարության օրենսգրքով։ Նրա խոսքով՝ քրեական հետապնդման տակ գտնվող անձի՝ պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո նրա անձեռնմխելիության հաղթահարման անհրաժեշտություն չկա։ 

Դատարանը հետաձգեց միջնորդության քննությունը՝ մինչև «Հայաստան» խմբակցության կողմից ՍԴ դիմում ներկայացնելը՝ պարզելու, թե ինչ դիմում է ներկայացվում։

Հիշեցնենք, որ նշված դրվագով Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։