կարևոր
3520 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-17 15:49

Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցներն այս պահին տարհանվում են. հնչում են կրակոցներ

Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցներն այս պահին տարհանվում են. հնչում են կրակոցներ

Այս պահին կրակոցներ են հնչում Սոթքի հանքավայրի տարածքում։ Հանքավայրի աշխատանքը դադարեցված է, աշխատակիցները տարհանվում են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասել է «GeoProMining Gold» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։

Հարցին՝ քանի աշխատակից է տարհանվում, Ռուզաննա Գրիգորյանը նշել է, որ սովորաբար մեկ հերթափոխի ժամանակ աշխատում է 200 մարդ։

«Հիմա աշխատակիցներին տուն ենք ուղարկում»,-նշել է Ռուզաննա Գրիգորյանը։

Վերջինս հայտնել է, որ երեկ գիշերը նույնպես տարհանել են աշխատակիցներին։ Առավոտյան մյուս հերթափոխը վերսկսել է աշխատանքը, սակայն ստեղծված լարված իրավիճակի պատճառով կրկին ստիպված են դադարեցնել հանքավայրի աշխատանքը և տարհանել բոլոր աշխատակիցներին, որոնք գտնվում են արտադրական մասում, որ կարողանան ապահովել նրանց անվտանգությունը։

«Աշխատանքները կվերսկսենք այն ժամանակ, երբ լարված իրավիճակը կշտկվի»,-հավելել է Ռուզաննա Գրիգորյանը։

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ահագազանգել էր, որ ադրբեջանական զինված ուժերը կրակում են Սոթքի լեռնանցքի ուղղությամբ: 

Նշենք, որ օգոստոսի 16-ին՝ ժամը 18:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով թշնամու կրակոցից մահացել է ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 2002թ. ծնված, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը: