11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
Քաբուլի քաոտիկ տեսարաններից հետո անգամ Միացյալ Նահանգների նախագահը չի ափսոսում ամերիկյան զորքերն Աֆղանստանից դուրս բերելու որոշման համար ու վստահեցնում է՝ դա ամենաճիշտ որոշումն էր Ամերիկայի համար:
«Աֆղանստանում մեր առաքելությունը երբեք ազգակերտումը չէր: Մեր առաքելությունը երբեք կենտրոնացված ու միասնական ժողովրդավարություն հիմնելը չէր: Գրեթե 20 տարի առաջ մենք գնացել էինք Աֆղանստան՝ 2001 թ. սեպտեմբերի 11-ին մեզ վրա հարձակվածներին ձերբակալելու ու երաշխավորելու, որ «Ալ-Ղաիդան» չի կարող Աֆղանստանն օգտագործել որպես հակահարված տալու հենակետ: Մենք դա արեցինք»,- նշել է Բայդենը:
Իսկ ահա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Անվտանգության խորհրդի նիստում կոչ է արել բոլոր երկրներին ընդունել փախստականներ Աֆղանստանից ու չարտաքսել նրանց: Նա նաեւ հորդորել է հակամարտության բոլոր կողմերին, հատկապես՝ թալիբներին, առավելագույն զսպվածություն ցուցաբերել ու հարգել մարդկանց իրավունքները եւ ազատությունները:
«Կարեւոր է, որ աֆղան կանանց ու աղջիկների դժվարությամբ ձեռք բերված իրավունքները պաշտպանված լինեն»,-ասել է Գուտերեշը:
Որ աֆղան ժողովրդին մենակ է թողել առաջին հերթին այդ երկրի նախագահը, վերահաստատել է Ռուսաստանը: Քաբուլում Ռուսաստանի դեսպանության մամուլի քարտուղարը պատմել է, որ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին երկրից փախել է գումարով լի 4 մեքենայով: Ընդ որում, գումարի մի մասը, նրա պնդմամբ, ուղղաթիռում տեղ չի արել ու թողել են թռիչքուղու վրա:
Ամեն դեպքում, Աֆղանստանում ոչ բոլորն են ձեռքերը ծալած նստել ու համակերպվել թալիբների առաջխաղացմանը: Զինյալների վերահսկողության տակ չանցած թերեւս միակ տարածաշրջանում՝ Փանջշերում թալիբներին դիմադրություն է սպասվում: Աֆղանստանի ազգային հերոս, 90-ականներին այդ երկրի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Ահմադ Շահ Մասուդի որդին կոչ է արել երկրի բոլոր բնակիչներին, որոնք չեն ցանկանում ապրել թալիբ ահաբեկիչների իշխանության ներքո, գնալ Փանջշեր ու միանալ այնտեղ ձեւավորված աշխարհազորայինին:
«Թալիբան» իսլամիստական խմբավորումն էլ, գոնե այս պահին, փորձում է միջազգային հանրության աչքին խաղաղասեր ու ոչ այնքան ծայրահեղական երեւալ: Վերջին նորություններից մեկն այն է, որ թալիբներն ընդհանուր համաներում են խոստացել պետական պաշտոնյաների համար եւ կանանց կոչ արել մասնակցել կառավարության ձեւավորմանը: Մարդկանց էլ հորդորել են վստահությամբ վերադառնալ իրենց բնականոն կյանքին: Բացի այդ, իսլամիստական շրջանակներն խաղաղված Քաբուլից տեսանյութեր են ակտիվորեն շրջանառում համացանցում:
Jerusalem Post-ն էլ Աֆղանստանում ստեղծված իրավիճակից շահած դուրս եկած երկրների մասին է գրել: Ըստ այդմ, թալիբների իշխանության գալուց օգուտներ կքաղեն Կատարը, Ռուսաստանը, Չինաստանը, Պակիստանը, Թուրքիան ու Իրանը: Վերջում հոդվածագիրը եկել է հետեւյալ եզրահագմանը. Աֆղանստանի հարցում ԱՄՆ-ի ձախողումն աշխարհում այն պատկերացումն է ստեղծում, որ Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող համակարգերը հակված են լինել այնքան թույլ եւ ժամանակավոր, որքան խոտը, որը կանաչում է գարնանն ու չորանում աշնանը:
Մանրամասները՝ Անահիտ Իվանյանի տեսանյութում: