կարևոր
697 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-17 14:40

Սեդրակ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը վերացվեց

Սեդրակ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը վերացվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթ նստավայր) դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ վերացրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը։

Կալանքը վերացնելու միջնորդությամբ դատական նիստում հանդես է եկել պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

«Կա օրինական ուժի մեջ մտած, ընդ որում չբողոքարկված դատական ակտ, որով Սեդրակ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելը ճանաչվել է ոչ օրինական: Դատարանը նաև ասել է, որ դրանով խախտվել է Սեդրակ Քոչարյանի իրավունքը։ Միայն մի պատճառով դատարանը վարույթն իրականցնող մարմնին չի պարտադրել այն վերացնել, քանի որ մինչ այդ հարցը քննարկելը վարույթն իրականացնող մարմինն արդեն դատարանը չէր, այն մի դատարանից փոխանցվել էր մյուս դատարանին»,-նշել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։

Նրա խոսքով, ստեղծվել է մի իրավիճակ, երբ մոտ երկու տարի առաջ օրինական ուժի մեջ մտած որոշումով ճանաչվել է Սեդրակ Քոչարյանի իրավունքների խախտում։

Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն էլ ընդգծեց, որ վերջին երեք տարիների ընթացքում գույքի վրա արգելանք է դրվում՝ գոյություն չունեցող հիմքով, այն է՝ փաստացի պատկանելիության հիմքով։

Սեդրակ Քոչարյանը գործով որևէ դատավարական կարգավիճակ չունի, իսկ քննիչը չի պատճառաբանել երրորդ անձանց գույքի վրա կալանք դնելու չափանիշների առկայությունը՝

  • Սեդրակ Քոչարյանը կրում է պատասխանատվություն Ռոբերտ Քոչարյանի գործողությունների համար
  • այն գույքը, որ իրավաբանորեն նրան պատկանում է, հանդիսանում է պարոն Ռոբերտ Քոչարյանի «հանցավոր» գործողությունների արդյունք։

«Հետևաբար այս երեք հատկանիշների բացակայության պարագայում պարոն Սեդրակ Քոչարյանի գույքի վրա կալանք չէր կարող դրվել։ Իմ գործընկերների միջնորդությունն ավելի քան հիմնավոր է, Սեդրակ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը պետք է վերացնել»,- ասել է նա։

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն էլ առարկություններ ներկայացրեց՝ նշելով, որ գույքի վրա դրված արգելանքը պետք է պահպանել՝ մինչև ըստ էության լուծող դատական ակտի հրապարակումը՝ դատավճիռը և խնդրեց դատարանին՝ մերժել միջնորդությունը։ 

Դատավոր Աննա Դանիբեկյանը՝ լսելով կողմերին, արձանագրեց, որ դատարանն արդեն մասնակի վերացրել է Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը, անհրաժեշտ չափով արգելանքը Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա պահպանվում է, հետևաբար անհրաժեշտություն չի տեսնում պահպանել Սեդրակ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը։

Դատարանը որոշեց վերացնել նախաքննական մարմնի որոշումը՝ Սեդրակ Քոչարյանի գույքի վրա արգելանք դնելու մասին։